«Չելսին» հաղթեց «Սուոնսիին», Լեմպարդը հրաժեշտ տվեց երկրպագուներին (տեսանյութ, լուսանկարներ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության առաջատար «Չելսին» 26-րդ տուրում հյուրընկալեց «Սուոնսի Սիթիին» և 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։

19-րդ րոպեին Ֆաբրեգասն առաջ մղեց «ազնվականներին»՝ աչքի ընկնելով Պրեմիեր լիգայի շրջանակում իր 300-րդ խաղում։ Խաղակեսի վերջնամասում Ֆերնանդո Լյորենտեն վերականգնեց հավասարությունը, սակայն երկրորդ կեսում Անտոնիո Կոնտեի սաներին հաջողվեց հաղթանակի հասնել։ Նախ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Պեդրո Ռոդրիգեսը, ապա Էդեն Ազարի արդյունավետ փոխանցումից հետո աչքի ընկավ Դիեգո Կոստան։

Այս հաղթանակից հետո «Չելսին» 63 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Սուոնսին» մնաց 24 միավորով 15-րդ տեղում։

Այս հանդիպման ընդմիջմանը «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ով վերջերս պաշտոնապես ավարտել է կարիերան, հրաժեշտ տվեց լոնդոնյան ակումբի երկրպագուներին։

«Տարբեր պատճառներով ձեզ նորմալ հրաժեշտ տալու հնարավորություն չունեցա, ինչի համար ափսոսում եմ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին ընձեռած հնարավորություն համար։ Շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին։ Այստեղի հետ կապված բոլոր հիշարժան պահերը եղել են ձեզ շնորհիվ։ Մենք առանց ձեզ հաջողությունների չէինք հասնի»,- ասել է Լեմպարդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում