Մեսսիի գոլը հաղթական էր «Ատլետիկո»-«Բարսելոնա» խաղում (տեսանյութ)

Պրիմերայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում․ «Ատլետիկոն» հյուրընկալեց «Բարսելոնային»։

Առաջին խաղակեսում գոլեր չարձանագրվեցին։ Դաշտի տերերի գրոհները փոքր-ինչ ավելի սուր էին, սակայն ոչ արդյունավետ։ Կատալոնացիների պաշտպանությունում նկատելի էին խնդիրներ, իսկ հարձակման գծում կար փոխահամաձայնեցված գործողությունների պակաս։

Հանդիպման հաշիվը բացվեց 64-րդ րոպեին․ «Բարսելոնայի» ձգձգված գրոհը գոլով եզրափակեց Ռաֆինյան։ Մադրիդցիներին հաջողվեց բավականին արագ վերականգնել հավասարությունը․ 70-րդ րոպեին ստանդարտի խաղարկումից հետո Մարկ-Անդրե տեր Շտեգենի պաշտպանած դարպասը գրավեց Դիեգո Գոդինը։

Թվում էր՝ հանդիպումն այդպես էլ կավարտվի, սակայն 86-րդ րոպեին Լիոնել Մեսսին հաղթանակ պարգևեց «Բարսելոնային»։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 52 միավոր ունեցող «Ռեալը» դեռ երկու հանդիպում պակաս է անցկացրել։ «Ատլետիկոն» 45 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ատլետիկո» – «Բարսելոնա»՝ 1։2
Գոլերը՝ Գոդին 70՛ – Ռաֆինյա 64՛, Մեսսի 86՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում