Արտագնա խաղում «Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Վիլյառեալի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոնական պայքարի ֆավորիտներից «Ռեալը» հյուրընկալվեց «Վիլյառեալին»։

«Էլ Մադրիգալ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում ավելի լավ տպավորություն թողեցին դաշտի տերերը, ովքեր ավելի սուր էին գրոհում, ավելի շատ էին տիրում գնդակին և ճշգրիտ փոխանցումներ կատարում։ Առաջին խաղակեսում գոլեր չարձանագրվեցին, և հիմնական իրադարձությունները զարգացման երկրորդում։

«Վիլյառեալի» ֆուտբոլիստներն ընդմիջումից հետո արագ 2 գոլ խփեցին․ 50-րդ րոպեին աչքի ընկավ Մանու Տրիգերոսը, իսկ 6 րոպե անց Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը գրավեց Սեդրիկ Բակամբուն։

Զինեդին Զիդանի սաները բաց թողած գոլերից չընկճվեցին և կարողացան կամային հաղթանակի հասնել։ 64-րդ րոպեին Գարեթ Բեյլը կրճատեց հաշվի տարբերությունը։ Տասը րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն խփեց «սերուցքայինների» երկրորդ գոլը՝ անվրեպ իրացնելով «դեղին սուզանավի» դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը, իսկ հաղթական գոլը 83-րդ րոպեին Մարսելոյի փոխանցումից հետո խփեց փոխարինման դուրս եկած Ալվարո Մորատան։

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 55 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մադրիդյան թիմը երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային» գերազանցում է 1 միավորով, սակայն դեռ 1 հանդիպում էլ պակաս է անցկացրել։ «Վիլյառեալը» մնաց 39 միավորով 6-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վիլյառեալ» – «Ռեալ»՝ 2։3
Գոլերը՝ Տրիգերոս 50՛, Բակամբու 56՛ – Բեյլ 64՛, Ռոնալդու 74՛ / 11-մետրանոց, Մորատա 83՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում