Կատալոնիա-Մադրիդ. Կրքերը կրկին թեժանում են (լուսանկարներ)

Իսպանիայի առաջնությունում չեմպիոնական պայքարի սրման հետ մեկտեղ կրկին լարվում են «Բարսելոնայի» ու «Ռեալի» ներկայացուցիչների հարաբերությունները:

Կատալոնացիների պաշտպան Ժերար Պիկեն իր թվիթերյան էջում գրել է.

«Միևնույն մրցակիցների` «Վիլյառեալի» ու «Մալագայի» հետ խաղերում «Բարսելոնան» մրցավարների սխալ որոշումների պատճառներով զրկվել է 4 միավորից, իսկ «Ռեալը» 4 միավոր ավելի է վաստակել: Տեղադրում եմ խոսքերս հավաստող լուսանկարներ, որոնք մադրիդյան լրատվամիջոցների կողմից են ներկայացված»,- նշել է Պիկեն:

«Ռեալի» ճամբարից պատասխանը չի ուշացել: «Արքայական ակումբի» ավագ Սերխիո Ռամոսն ասել է.

«Կզարմանայի, եթե մրցավարության մասին խոսեր Մեսսին: Մենք գիտենք, որ Պիկեն ապրում է մի աշխարհում, որտեղ բոլորը նրա դեմ են տրամադրված: Մրցավարները դժվար աշխատանք ունեն, և մենք պետք է փորձենք հեշտացնել այն»,- իսպանացու խոսքերն է մեջբերում «Marca.com»-ը:

Պրիմերայի 24-րդ տուրից հետո առաջատար «Ռեալն» ունի 55 միավոր, իսկ «Բարսելոնան»` 54, սակայն Զինեդին Զիդանի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Պիկեի նշած վիճելի դրվագների լուսանկարներները, որոնց արդյունքում «Բարսելոնան» տանը չի հաղթել «Մալագային» (0:0) ու մրցակցի հարկի տակ «Վիլյառեալին» (1:1): «Ռեալը» նույն մրցակիցների դեմ խաղերում սեփական հարկի տակ պարտության է մատնել «Մալագային» (2:1), իսկ Վիլյառեալում երեկ կամային հաղթանակ է տարել (3:2):

Հետևեք մեզ նաև Telegram-ում