Ռանյերիից հետո․ «Լեսթերը» հաղթեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Լեսթեր Սիթին», որի ղեկավարությունն օրերս աշխատանքից ազատել է գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիին, հյուրընկալեց «Լիվերպուլին»։ «Աղվեսները» հանդիպմանը մասնակցեցին գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Քրեյգ Շեքսպիրի ղեկավարությամբ։

Առաջին կեսում դաշտի տերերը լավ տպավորություն թողեցին՝ հիշեցնելով նախորդ՝ չեմպիոնական մրցաշրջանի խաղը։ Նախքան ընդմիջումը մեկական գոլ խփեցին Ջեյմի Վարդին և Դենիել Դրինկոուտերը, իսկ «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն առջևի գծում չփայլեցին։

Երկրորդ խաղակեսում թիմերը մեկական գոլ խփեցին․ 60-րդ րոպեին Վարդին դուբլ ձևակերպեց, իսկ 8 րոպե անց Ֆիլիպե Կոուտինյոն կրճատեց հաշվի տարբերությունը։

Այս հաղթանակից հետո «Լեսթերն» ունի 24 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը, իսկ «Լիվերպուլը» մնաց 49 միավորով՝ 5-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր

«Լեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»՝ 3։1
Գոլերը՝ Վարդի 28՛, 60՛, Դրինկոուտեր 39՛ – Կոուտինյո 68՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում