Արոնյանը խիստ նվազեցրեց Հավակնորդների մրցաշարում հայտնվելու շանսերը

ԱՄԷ-ի Շարժա քաղաքում ավարտվել է ՖԻԴԵ-ի Գրան պրիի տարվա առաջին մրցաշարը: Վերջին` 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է չինացի Լիժեն Դինի հետ և պարտություն կրել:

44 քայլից բաղկացած պարտիայում չինացին մի քանի համարձակ փոխանակումներ է կատարել և կարողացել մրցակցի թագավորին անհուսալի վիճակում թողնել: Արոնյանը, հասկանալով, որ անհնար է փրկվել, ընդունել է պարտությունը:

Մրցաշարի նախորդ բոլոր 8 պարտիաներում 34-ամյա գորսմայստերը ոչ-ոքի էր խաղացել և արդյունքում վաստակած 4 միավորով զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը:

Առաջին տեղը 5,5-ական միավորով կիսեցին Մաքսիմ Վաշիե Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը և Շախրիյար Մամեդյարովը:  Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող դարձավ Գրիշչուկը: Այդ երեք շախմատիստները Գրան պրիի ընդհանուր հաշվարկում ստացան 140 միավոր:

Լևոն Արոնյանը նման անհաջող ելույթից հետո խիստ նվազեցրեց Հավակնորդների մրցաշարում հայտնվելու շանսերը: Նա ընդհանուր վարկանիշային էլոյով այս պահին բավական հետ է, իսկ ՖԻԴԵ-ի Գրան պրիների արդյունքում ուղեգրին արժանանում են միայն երկուսը: Աշխարհի չեմպիոնի կոչման պայքարին միանալու համար Լևոնին անհրաժեշտ է անչափ հաջող հանդես գալ առաջիկա երեք Գրան պրիներում, որոնցից առաջինը մայիսին տեղի է ունենալու Մոսկվայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում