Հսկաների պայքար | Ինչո՞վ է հետաքրքիր Պիկե-Ռամոս հակամարտությունը

Կլասիկոն երբեք չի ավարտվում․․․

Իսպանիայի առաջնությունը հաճախ քննադատում են և պակաս գրավիչ են համարում չեմպիոնական պայքարին մի քանի թիմի մասնակցության համար, բայց  այս երկրում պայքարը խաղադաշտում չի վերջանում։ Այստեղ ակումբների թշնամանքն անցնում է պրոֆեսիոնալ մակարդակ․․․

Ամենաթարմ պատմության հերոսները «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն ու «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն են: Իսպանիայի հավաքականում թիմակիցների, մեղմ ասած, ոչ իդեալական հարաբերությունների հրապարակայնացման հերթական պատճառն առաջնության մրցավարության վերաբերյալ տարբեր կարծիքներ ունենալն է։

Առաջին անգամը չէ, երբ ակումբները (և խոսքը միայն մադրիդյան ու կատալոնական ակումբների մասին չէ) մրցավարների կողմից ոչ միանշանակ ընկալվող վերաբերմունքի են արժանանում, բայց Պիկեն սիրում է հարցերը հրապարակավ քննարկել, դե իսկ տաքարյուն Ռամոսը հակահարվածի առիթը բաց չի թողնում։

Սոցիալական հակամարտություն

Պիկեի «Twitter»-յան էջը լեգենդար է։ Ինչպիսի՜ գրառումներ են եղել ու դեռ կլինեն։ Երբ նա դժգոհ է մրցավարներից, մրցակիցների հաջողություններից առաջին հերթին հենց այստեղ է բողոքն արտահայտում: Երբ նա ցանկանում է ծաղրել մադրիդցիներին, կրկին բացում է «Twitter»-յան էջը:

Իսկ Ռամոսը երբեք չի լռում։ Նա երբեք չի ամաչում մտածածը բարձրաձայնել, հատկապես երբ խոսքը Պիկեին է վերաբերում: 

«Մենք գիտենք, որ Պիկեն ապրում է մի աշխարհում, որտեղ բոլորը նրա դեմ են տրամադրված»,- հանգիստ պատասխան հակահարված է հասցնում Ռամոսը։

Հակամարտությունը դաշտում

Մի բան է, երբ նրանք սոցիալական ցանցերում և լրատվամիջողների միջամտությամբ են հակամարտում, մեկ այլ բան է, երբ նրանց թիմերը սկզբունքային հակառակորդներ են: 

«Բարսելոնան» ու «Ռեալը» միշտ էլ իսպանական ֆուտբոլի հսկաներն են եղել: Նրանց ցանկացած հանդիպում բարձր ճիչերի առիթ է տալիս թե՛ Պիկեին, թե՛ Ռամոսին: Քչերը մոռացած կլինեն, թե Պիկեն ինչ կրքով էր փորձում 5-րդ գոլը խփել մադրիդյան թիմի դարպասը, կամ թե Ռամոսն ինչպես վազեց տոնելու վերջին րոպեներին խփած իր գնդակը: 

Հակամարտությունը հավաքականում

Հետաքրքիր է հետևել այս երկուսի հակամարտությանը, բայց էլ ավելի հետաքրքիր է հետևել, թե հավաքականում ինչպես են փորձում միասին խաղալ: Կառլես Պույոլի հեռանալուց հետո հենց Պիկե-Ռամոս զույգն է պաշտպանության հիմքը։ Նրանք լավ օրեր են ապրել Մունդիալ-2010-ի, Եվրո-2012-ի ժամանակ ու ձախողել են Մունդիալ-2014-ն ու Եվրոպայի վերջին առաջնությունը։

Մեկի սխալն անպայման անդրադառնում է մյուսի վրա, բայց ի տարբերություն ակումբների ելույթներին, այս դեպքում դրանից հաճույք ստանալ չեն կարող: Նրանց հարաբերությունները հակասական են, բայց ո՞վ կարող է փոխարինել զույգին: Ո՛չ Նաչոն, ո՛չ Բարտրան չեն կարողանում իրենց թիմերի հիմնական կազմում հայտվել, իսկ Մարտինեսը, Ալբիոլը կամ Սան Խոսեն նրանց մակարդակի ֆուտբոլիստներ չեն:

Ազգային հակամարտություն

Անկախ այն բանից, որ նրանք երկուսն էլ Իսպանիայի հավաքականի կազմում են խաղում, երկրպագուները նրանց տարբեր կերպ են վերաբերում: Այստեղ խոսքն անձնական հաջողությունների ու խաղամակարդակի մասին չէ. պարզապես Պիկեն Կատալոնիայի անկախացման մեծ կողմնակից է: Ակումբային տիտղոսները տոնելու ժամանակ նա շատ ավելի հաճախ Կատալոնիայի դրոշն է ծածանում, ոչ թե Իսպանիայի։ Նա ազգային հայացքների մասին անընդհատ հիշեցնում է երկրպագուներին ու խոսակցություններ կան, որ շուտով հեռանալու է Իսպանիայի հավաքականից: 

«Ես միշտ առավելագույնս նվիրվել եմ հավաքականին, բայց շատերն ուղղակի չեն ցանկանում ինձ թիմում տեսնել»,- ասում է Պիկեն։

Պիկեն ավելի քան 80 անգամ դաշտ է դուրս եկել Իսպանիայի հավաքականի մարզահագուստով, բայց ցանկացած հնարավորության դեպքում Կատալոնիան է ներկայացնում: Իսկ Ռամո՞սը․․․ Երկար բացատրությունների կարիք չկա․ Սերխիոն Սևիլյայում մեծացած տիպիկ իսպանացի է, Իսպանիայի ու «Ռեալի» ավագը:

Պրոֆեսիոնալ հակամարտություն

Չենք մոռանում զուտ ֆուտբոլային պրոֆեսիոնալ համակարտության մասին։ Նրանք միայն մեծագույն ակումբների ֆուտբոլիստներ չեն, նրանք հզոր թիմերի առանցքային ֆուտբոլիստներ են ու երկուսն էլ կարողանում են ագրեսիվ ու տեխնիկապես լավ խաղ ցուցադրել: Հիմա նրանց մասին ենք խոսում, որովհետև շատ հաջողակ են: Նրանց խաղին հաճելի է հետևել, երկուսն էլ իսկապես հիասքանչ ֆուտբոլիստներ են, ովքեր սիրում են ու կարողանում են հաղթել: Նրանց յուրաքանչյուր հանդիպում կարողությունների թեստ է:

Մարդիկ սիրում են խոսել Մեսսիի ու Ռոնալդուի մասին, բայց նրանց հակամարտությունը զուտ պրոֆեսիոնալ մակարդակում է, իսկ Պիկե-Ռամոս զույգի դեպքում սահմաններ չկան: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում