Ծանրորդներն ավարտել են ծաղկաձորյան հավաքը

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է ընտրանու հավաքը, որն անցկացվել է Ծաղկաձորում: Հավաքին հրավիրված է եղել 10 մեծահասակ և 11 պատանի:

«Մարզումներն անցկացնում էինք համատեղ: Մեծահասակները նախապատրաստվում են ապրիլի 1-9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, պատանիները՝ նույն ժամանակահատվածում Թաիլանդում նշանակված այդ տարիքային խմբի աշխարհի առաջնությանը»,- ասել է Ալավերդյանը:

Մարզիչները ծաղկաձորյան հավաքում հիմնական ուշադրություն դարձրել են մարզիկների տեխնիկական և արագաուժային որակներին: Երկու հավաքականներն էլ համատեղ հաջորդ հավաքը կշարունակեն մարտի 6-ից, Աբովյան քաղաքում:

Մեծահասակների հավաքականը Եվրոպայի առաջնություն մեկնելու է Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ, իսկ պատանիների հավաքականը՝ Էդիկ Կիզողյանի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում