Ունենալով թվային առավելություն՝ «Ման․ Յունայթեդը» չկարողացավ հաղթել «Բորնմուտին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Բորնմուտի» հետ․ «Օլդ Թրաֆֆորդում» կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

23-րդ րոպեին Մարկոս Ռոխոն առաջ մղեց «կարմիր սատանաներին», սակայն նախքան ընդմիջման գնալը՝ 40-րդ րոպեին, Ջոշուա Կինգը վերականգնեց հավասարությունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ Նախքան առաջին կեսի ավարտն ազդարարող սուլիչի հնչելը, «Բորնմուտը» մնաց 10 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Էնդրյու Սերմանը։

Ունենալով թվային առավելություն և հիանալի հնարավորություններ՝ «Մանչեսթեր Յունայթեդին» չհաջողվեց հաղթանակի հասնել։ 72-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը կարող էր դառնալ հաղթական գոլի հեղինակ, սակայն չկարողացավ դիպուկ իրացնել Արթուր Բորուցի դարպասին նշանակված 11-մետրանոցը։

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 49 միավոր (26 խաղ) և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Բորնմուտը» 27 միավորով 14-րդ տեղում է։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լիովին չի ապաքինվել վնասվածքից և չմասնակցեց այս հանդիպմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում