Կիևի մրցաշար․ Հայ ըմբիշների արդյունքները

Մարտի 2-4-ը, Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվեց ըմբշամարտի Կիևի ամենամյա մրցաշարը։

Այս տարի Հայաստանից մրցաշարին մասնակցեցին միայն հունահռոմեական ոճի ըմբիշները՝ 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը, 75 կգ քաշային Վարշամ Բորանյանը, 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանն ու Ռաֆիկ Մանուկյանը, 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, 98 կգ քաշային Արթուր Շահինյանը և 130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը։ Հայ ըմբիշները նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Չեմպիոն դարձավ Սարգիս Քոչարյանը, արծաթե մեդալի արժանացան Արթուր Շահինյանն ու Կարեն Ասլանյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Գևորգ Ղարիբյանը, Ռաֆիկ Մանուկյանը,Վարշամ Բորանյանը և Մաքսիմ Մանուկյանը։

Առաջին մրցումային օրը գորգ դուրս եկան 59 կգ, 71 կգ, 80 կգ և 98 կգ քաշային ըմբիշները։ 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը ուկրաինացի Անդրեյ Մարտինյուկն էր․ գոտեմարտն ավարտվեց 5։2 հաշվով։ Քառորդ եզրափակչում Գևորգի մրցակիցը մեկ այլ ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկն էր, ում հայ ըմբիշը հաղթեց 3։2 հաշվով։ Կիսաեզրափակչում Գևորգ Ղարիբյանը հանդիպեց Ուկրաինան ներկայացնող, ազգությամբ հայ Ժորա Աբովյանի հետ և պարտվեց 3։5 հաշվով։ Բրոնզե մեդալի համար պայքարում Գևորգը 10։0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Վիկտոր Պետրիկի նկատմամբ։

71 կգ քաշային կարգում Ռաֆայել Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 5։9 հաշվով զիջեց Վալերի Պալենսկուն (Բելառուս)։ 80 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը 1/8 եզրափակչում 16։5 հաշվով հաղթեց Իրանը ներկայացնող Մահդի Մոհամադզադեհկային, քառորդ եզրափակչում 3։1 հաշվով առավելության հասավ Անդրեյ Ցիպանի նկատմամբ (Ուկրաինա), սակայն կիսաեզրափակչում 0։8 հաշվով զիջեց մեկ այլ ուկրաինացու՝ Դմիտրո Պիշկովին։ Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը կարողացավ 3։1 հաշվով առավելության հասնել Ալեքսեյ Օսնյախի նկատմամբ (Ուկրաինա)։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սարգիս Քոչարյանը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով հաղթեց Յարոսլավ Ֆիլաչկովին, ապա կիսաեզրափակչում 5։3 հաշվով առավելության հասավ վրացի Զուրաբի Դաթունաշվիլու նկատմամբ։ Եզրափակչում Սարգիսի մրցակիցը Ռաֆիկ Մանուկյանին հաղթած Դմիտրո Պիշկովն էր։ Գոտեմարտն ավարտվեց 3։1 հաշվով՝ հօգուտ Քոչարյանի։

98 կգ քաշային կարգում հանդես եկավ Արթուր Շահինյանը, ով պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ 7։2 հաշվով հաղթելով ուկրաինացի Եվգենի Սավետային։ Քառորդ եզրափակչում Շահինյանը 4։0 հաշվով առավելության հասավ Զելիմխան Ջիասովի նկատմամբ (Ուկրաինա), իսկ կիսաեզրափակչում 3։1 հաշվով հաղթեց Անդրեյ Դեհտիարովին։ Եզրափակչում Արթուր Շահինյանը հանդիպեց Դմիտրի Տիմչենկոյին (Ուկրաինա) և պարտվեց 2։6 հաշվով։

Մրցումային երկրորդ օրը գորգ դուրս եկան 66 կգ, 75 կգ, 85 կգ և 130 կգ քաշային ըմբիշները։ 66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակչում 9։0 հաշվով հաղթեց Վասիլ Սիմոնենկոյին (Ուկրաինա), քառորդ եզրափակչում 10։0 հաշվով գերազանցեց Վիկտոր Չիոբանուին (Մոլդովա), իսկ կիսաեզրափակչում նույն հաշվով առավելության հասավ Փավրիզ Նասիբոյի նկատմամբ (Ուկրաինա)։ Եզրափակչում Ասլանյանի մրցակիցը վրացի Գոգի Գոգիբերաշվիլին էր։ Ոչ միանշանակ մրցավարությամբ ավարտված գոտեմարտում Ասլանյանը պարտվեց 5։11 հաշվով և գրավեց երկրորդ տեղը։

75 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 1/8 եզրափակչում հաղթեց ռումինացի Վլադ Մարիեային, այնուհետև քառորդ եզրափակչում տուշեով պարտվեց մոլդովացի Միխայիլ Բրադուին։ Սփոփիչ գոտեմարտում Բորանյանը 5։3 հաշվով հաղթեց Հադի Ալիզադեին (Իրան), իսկ երրորդ տեղի համար գոտեմարտում 3։0 հաշվով առավելության հասավ Յասաֆ Զեյնալովի նկատմամբ՝ Ուկրաինա։

85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում 6։2 հաշվով հաղթեց Անդրեյ Միխալկովսկիին (Բելառուս), բայց քառորդ եզրափակչում 1:2 հաշվով զիջեց ուկրաինացի Յուրի Սկրյուբային։ Սփոփիչ գոտեմարտին Մաքսիմի մրցակիցը չներկայացավ, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշտ 13։8 հաշվով հաղթեց Սերգեյ Սևերին (Ուկրաինա)։

Հայաստանի վերջին ներկայացուցիչը 130 կգ քաշային Վաչիկ Եզիազարյանն էր, ով 2 գոտեմարտ անցկացրեց․ նախ քառորդ եզրափակչում 1։3 հաշվով պարտվեց Զվիադի Պատարիձեին (Վրաստան), ապա երրորդ տեղի համար գոտեմարտում 0։1 հաշվով զիջեց ռումինացի Ալին Կիուրարիույին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում