Արտակ Օսեյան. Պատճառը, հավանաբար, անլուրջ վերաբերմունքն է

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակում կայացավ «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» հանդիպումը (2:0), որը տնային էր կապանցիների համար, սակայն անցկացվեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով մարզադաշտում:

Մրցավեճից հետո երևանցիների գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը զայրացած էր իր թիմի ցուցադրած խաղից և մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց իր դժգոհության մասին:

«Կարելի է ասել՝ այսօրվա հանդիպումը լիովին ձախողեցինք: Խաղասկզբում երկու կոպիտ սխալ թույլ տվեցինք, որոնց պատճառով հաշիվը դարձավ 0:2: Բնականաբար, մեր
վիճակը դրանից հետո բարդացավ: Մինչև վերջ չկարողացանք մեր խաղը գտնել»:

«Փյունիկի» հայտացուցակում բացակայում էր թիմի առաջատարներից մեկը` Պետրոս Ավետիսյանը: Այդ կապակցությամբ 29-ամյա մարզիչն ասաց. «Նա դեռ վերջնականապես չի ապաքինվել»:

Ձմռանը թիմից հեռացել է Կամո Հովհաննիսյանը: Օսեյանի կարծիքով, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի բացակայութունն անմիջական կապ չունի «Գանձասարի» հետ անհաջող խաղի հետ:

«Իհարկե, մրցաշրջանի ընթացքում Հովհաննիսյանի բացակայությունը զգացնել կտա, բայց չեմ կարծում, թե դա էր այսօրվա պարտության պատճառը»:

«Փյունիկի» բաց թողած երկու գոլերում կոպիտ սխալներ թույլ տվեց դարպասապահ Գոռ Մանուկյանը: Առաջին դեպքում նա գնդակը ձեռքից բաց թողեց եզից կատարված փոխանցումից հետո, իսկ երկրորդում՝ ուշ դուրս եկավ իր տեղից և Գեղամ Հարությունյանին թույլ տվեց նրա գլխավերևով գնդակն ուղարկել անպաշտպան դարպասը: Sport.Times.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված Մանուկյանի նման անհաջող խաղը, Օսեյանն ասաց.

«Պատճառը, հավանաբար, անլուրջ վերաբերմունքն է: Պետք է վերլուծենք»:

                                                                                                      Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում