Հայ աղջիկները չեն մասնակցի պատանեկան ԱԱ-ին

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հրավիրել է տարբեր տարիքայինների` մեծահասակների, երիտասարդների և պատանիների. ընդհանուր 19 մարզուհի:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գլխավոր մարզիչը հաստատել է, որ 2017 թվականին ավելի շատ ուշադրություն դարձվելու է երիտասարդներին ու պատանիներին:

«Հետօլիմպիական առաջին տարին է, հարաբերականորեն հանգիստ: Այս ժամանակահատվածն օգտագործում ենք երիտասարդների հետ լուրջ աշխատելու նպատակով, որպեսզի հավաքականում սերնդափոխությունը սահուն ընթանա: Հղկում ենք վարժությունների կատարման տեխնիկան և տակտիկան, բարձրացնում ֆիզպատրաստվածության մակարդակը:

Հավաքականի հիմնական անդամները նախապատրաստվում են ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ երիտասարդներն ու պատանիները՝ տարվա ընթացքում իրենց տարիքային խմբերի միջազգային մրցումներին: Դրանցում նրանք պետք է մրցափորձ ու վարպետություն ձեռք բերեն», – ասել մարզիչը:

Մրցաշրջան 2017-ում Եվրոպայի առաջնությունից հետո մեծահասակների երկրորդ գլխավոր մեկնարկը նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է: Երիտասարդները հունիսին հանդես կգան ուսանողական խաղերում, հոկտեմբերին՝ Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությունում: Իսկ պատանիներն իրենց կարողությունները կստուգեն սեպտեմբերին՝ Եվրոպայի առաջնությունում:

Հայ աղջիկները չեն մեկնի Թաիլանդ, որտեղ անցկացվելու է պատանիների աշխարհի առաջնությունը, որովհետև Արտաշես Ներսիսյանն առայժմ չի տեսնում այս տարիքային խմբի այնպիսի մարզուհու, որը կկարողանա մեդալի համար պայքարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում