Իբրահիմովիչը երեք խաղով որակազրկվել է

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ընդունել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (FA) մեղադրանքը, որը նրա դեմ հարուցվել էր Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի՝ «Բորնմուտի» հետ հանդիպումից հետո:

FA-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է երեք խաղով: Շվեդ ֆուտբոլիստը պատժվել է խաղի ժամանակ բռնության դրսևորման համար:

«Բորնմուտի» հետ մրցավեճի ժամանակ հյուրերի պաշտպան Թայրոն Մինգսը կանգնել է խոտածածկին ընկած Իբրահիմովիչի գլխին: Քիչ հետո Զլատանը «վրեժխնդիր» է եղել` արմունկով միտումնավոր հարվածելով անգլիացուն:

«Մանչեսթեր Յունայթեդի» ռմբարկուն բաց կթողնի Պրեմիեր լիգայի «Սաութհեմփթոնի» ու «Միդլսբրոյի» հետ հանդիպումները, ինչպես նաև «Չելսիի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում