«Արսենալը» 3 հակառեկորդ է սահմանել

Արդեն տեղեկացրել ենք, որ «Արսենալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում ևս 1։5 հաշվով պարտվել է «Բավարիային»։ Այս պարտության պատճառով «զինագործները» մի քանի բացասական ցուցանիշ են սահմանել։

Երկու խաղերի արդյունքում պարտվելով ընդհանուր 2։10 հաշվով՝ «Արսենալը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլին մասնակցած անգլիական թիմերի շրջանում հակառեկորդ է սահմանել։ Նախկինում անգլիական ոչ մի թիմ փլեյ-օֆֆում չի պարտվել 8 գնդակի տարբերությամբ։

«Արսենալը» դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ակումբը, որը  7 մրցաշրջան անընդմեջ չի հաղթահարում 1/8 եզրափակչի արգելքը։ 2009-10թթ․ մրցաշրջանում «Արսենալը» 1/8 եզրափակչում հաղթեց «Պորտուին» (1:2, 5:0), սակայն հաջորդ փուլում զիջեց «Բարսելոնային» (2:2, 1:4)։ Դրանից հետո հաջողությունն Արսեն Վենգերի թիմին չի ժպտում։

Բացի այդ, «Արսենալն» առաջին անգամ «Էմիրեյթս» մարզադաշտում 5 գնդակ բաց թողեց։ Նշենք, որ «Էմիրեյթս» մարզադաշտը շահագործման է հանձնվել 2006 թվականի ամռանը։ Այն իր մեծությամբ Անգլիայի երրորդ մարզադաշտն է, զիջում է միայն «Ուեմբլիին» և «Օլդ Թրաֆֆորդին»։ Վերջին անգամ լոնդոնյան թիմը սեփական հարկի տակ նման խոշոր հաշվով պարտվել էր 1998 թվականին՝ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակում 0։5 հաշվով զիջելով «Չելսիին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում