Դավիթ Խիթարյան. Օրվա ընթացքում մեր մարզիկները մոտ 30 գոտեմարտ են անցկացնում

Ձյուդոյի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների անդամներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Չեխիայի Նիմբուրգ քաղաքում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը հայտնել է, որ Չեխիա մեկնել է 7 մարզիկ.

«Եվրոպայի ձյուդոյի միությունն ուսումնամարզական հավաք է կազմակերպել «Բոլորս դեպի օլիմպիական ոսկի» խորագրով (մարտի 6-12): Մասնակցում են աշխարհի լավագույն հավաքականները: Արմեն Նազարյանի գլխավորությամբ Հայաստանից մեկնել է 4 մեծահասակ եւ 3 երիտասարդ: Օրվա ընթացքում մոտ 30 գոտեմարտ են անցկացնում մարզիկները»,- ասել է Ֆեդերացիայի փոխնախագահը:

Չեխիայի հավաքին ազգային հավաքականից մասնակցում են Հովհաննես Դավթյանը եւ Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ), Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), իսկ երիտասարդներից` Գասպար Հայրապետյանը (55 կգ), Գեւորգ Խիթարյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ):

Դավիթ Խիթարյանը նշեց, որ երիտասարդները վերադառնալուց հետո եւս մեկ հավաք կանցկացնեն Հայաստանում, ապա կմեկնեն Հունաստան` մասնակցելու Եվրոպայի բաց մրցաշարին: Սակայն դեռ հայտնի չէ, թե ովքեր կմեկնեն Աթենք:

«Մինչեւ ապրիլի 20-23-ը Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, ազգային հավաքականը նույնպես Եվրոպայի բաց մրցաշար ունի: Այն անցկացվելու է Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում (ապրիլի 1-2) և օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունի: Այնտեղ Հայաստանը կներկայացնեն Ֆերդինանդ Կարապետյանը եւ Գոռ Մկրտչյանը»,-հայտնել է  Խիթարյանը:

Ֆեդերացիայի փոխնախագահը հայտնել է նաև, որ մարտի 15-29-ը պատանիներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Աբովյանում: Թիմի կազմում կընդգրկվի մոտ 15 մարզիկ, երկուսը՝ աղջիկ: Պատանիները կպատրաստվեն իրենց տարիքային խմբի Եվրոպայի բաց մրցաշարին:

«Աշխարհի առաջնությունը վերջինների համար առաջին վարկանիշային մրցաշարը կլինի: Հույս ունենք, որ մեր մարզիկները վարկանիշային միավորներ ձեռք կբերեն եւ կկարողանան մասնակցել 2018 թվականի Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերին»,- նշել է Դավիթ Խիթարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում