Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Ռոստովի» հետ (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Ռոստովի» հետ արտագնա խաղում չկարողացավ հաղթանակ տոնել։

«Օլիմպ-2» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերն առանձնապես չտպավորեցին հարձակվողական ֆուտբոլով, սակայն «կարմիր սատանաներին» հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։ 35-րդ րոպեին Ֆելայինին, շրջանցելով Կալաչյովին, փոխանցում կատարեց Զլատան Իբրահիմովիչին, իսկ շվեդ հարձակվողը գնդակը հասցեագրեց Հենրիխ Մխիթարյանին, ով էլ գրավեց Նիկիտա Մեդվեդևի պաշտպանած դարպասը։

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, Կալաչյովի արդյունավետ փոխանցումից հետո Ալեքսանդր Բուխարովը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին։ Պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 16-ին, «Օլդ Թրաֆֆորդում»։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ծնկատակի ջլի վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ հայտնվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում․ 67-րդ րոպեին Մխիթարյանի փոխարենը խաղադաշտ դուրս եկավ Անտոնի Մարսիալը։

Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռոստով» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1
Գոլերը՝ Բուխարով 53՛ – Մխիթարյան 35՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում