Հայ ըմբիշները մեկնարկում են Յաշար Դողու մրցաշարում

Մարտի 10-12-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կանցկացվի Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Յաշար Դողուի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի ամենամյա միջազգային մրցաշարը։

Սա թվով 45-րդ մրցաշարն է, որին մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը։ Մեր ընտրանու կազմում մրցավայր են մեկնել՝ Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Նարեկ Սիրունյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան, Վարուժան Կաջոյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Գերոգի Կետոև, Շամիր Աթյան (97 կգ) և Անդրանիկ Գալստյան (125 կգ)։

Նորանշանակ մարզիչ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ սա ազատոճայինների առաջին մրցաշարն է, որտեղ հանդես կգան հիմնականում փետրվարի 16-18-ը կայացած Հայաստանի առաջնության չեմպիոնները։

Առաջին մրցումային օրը գորգ դուրս կգան 57 կգ և 70 կգ քաշային ըմբիշները։ Այս քաշային կարգերում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի չեմպիոններ Գարիկ Բարսեղյանն ու Վալտեր Մարգարյանը։ 57 կգ քաշային կարգի մրցմանը կմասնակցի 13 ըմբիշ։ Բարսեղյանի առաջին մրցակիցը կլինի Ուլուկբեկ Ժոլդոշբեկովը (Ղրղզստան)։ 70 կգ քաշային կարգում ընգրկված է 25 մարզիկ։ Վալտեր Մարգարյանի առաջին մրցակիցը կլինի Մեհմեդ Ֆենզինկանլին (Թուրքիա)։

Նախնական գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 15։30-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում