Ստամբուլ․ Գարիկ Բարսեղյանն ու Վալտեր Մարգարյանը մեդալներ չնվաճեցին

Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Յաշար Դողուի անվան 45-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։

Մրցումային առաջին օրը գորգ դուրս եկան 57 կգ և 70 կգ քաշային ըմբիշները։ 57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցն Ուլուկբեկ Ժոլդոշբեկովն էր։ Գոտեմարտը բավականին լարված ընթացք ունեցավ, բայց Բարսեղյանը կարողացավ հաղթել 6։5 հաշվով։ 1/4 եզրափակչում Գարիկ Բարսեղյանի մրցակիցը թուրք Նեբի Ուզունն էր։ Գոտեմարտի առաջին փուլում Բարսեղյանը հաղթում էր 4։2 հաշվով, սակայն երկրորդ փուլում թուրք ըմբիշին հաջողվեց տուշեով հաղթանակ կորզել։ Ուզունը չհասավ եզրափակիչ, և Բարսեղյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

70 կգ քաշային կարգում Վալտեր Մարգարյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը թուրք Մեմհեմդ Ֆենզինկանլին էր։ Գոտեմարտն ավարտվեց 7։5 հաշվով՝ հօգուտ հայ ըմբիշի։ 1/8 եզրափակչում Վալտեր Մարգարյանի մրցակիցը մեկ այլ թուրք ըմբիշ էր՝ Մուհամեդ Իլհանը։ Գոտեմարտը տևեց 2 րոպե, 32 վայրկյան, և հայ ըմբիշը բացահայտ՝ 15։4 հաշվով հաղթանակ տարավ։ Քառորդ եզրափակչում Մարգարյանի մրցակիցը 2015 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն, ռուս Մագոմեդռասուլ Գաջիմագոմեդովն էր։ Գոտեմարտի առաջին կեսը լարված անցավ, բայց երկրորդ մրցափուլում ռուս ըմբիշի փորձը զգացվեց, և նա տուշեով հաղթանակ տարավ։ Կիսաեզրափակչում Գաջիմագոմեդովը պարտվեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Մագոմեդխաբիբ Կադիմագամեդովին, և Վալտեր Մարգարյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։ 

Վաղը գորգ դուրս կգան 61 կգ, 74 կգ և 125 կգ քաշային կարգերի ըմբիշները։ Այս քաշային կարգերում Հայաստանը ներկայացնում են Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կաջոյանը (74 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում