Մունիրը «Վալենսիային» փրկել է պարտությունից (տեսանյութ)

Մունիրը «Վալենսիային» փրկել է պարտությունից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում կայացել է «Վալենսիա» – «Սպորտինգ» Խիխոն հանդիպումը, որն ավարտվել է 1:1 հաշվով:

Առաջին կեսում գոլեր չեն գրանցվել: Երկրորդ կեսի սկզբում (54-րդ րոպե) «չղջիկների» ձախ պաշտպան Խոսե Գայան 11-մետրանոց հարված է վաստակել: Գնդակին մոտեցել է Դանի Պարեխոն, սակայն նրա հարվածից հետո դարպասապահ Իվան Կուելյարը գնդակը հանել է անկյունային:

Մի քանի րոպե անց (60) աստուրիացիները հաշվի մեջ առաջ են անցել: Բուրգիի գեղեցիկ անցումից ու հարվածից հետո Դիեգո Ալվեսը մի կերպ գնդակն իր առջև է ետ մղել, բայց վրա հասած Դուժե Չոպը հանգիստ գրավել է դարպասը:

«Վալենսիան» փրկվել է միայն խաղավերջում, երբ Ժուաու Կանսելուի բարձրից փոխանցումից հետո Մունիր Էլ Հադադին գլխի հարվածով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասի աջ «ինյակը»:

Վորոյի գլխավորած թիմն այդ ոչ-ոքիից հետո ունի 30 միավոր և ընթանում է 13-րդ տեղում: Խիխոնցիները 18 միավորով 19-րդն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում