Զիդան․ «Բարսելոնան» նույն թիմն է մնացել

Զիդան․ «Բարսելոնան» նույն թիմն է մնացել

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Բետիսի» հետ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Մամուլի ասուլիսի ընթացքում քննարկված թիմերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

«Ռեալը» սեփական հարկի տակ պարտություն չունեցող միակ թիմն է․

-Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կրկին չպարտվենք և հաղթենք։ Մինչև այս պահը դա մեզ մոտ ստացվել է, կաշխատենք շարունակել նույն ոգով։ Մեր նվաճումները խոսում են այն մասին, որ ամեն ինչ ճիշտ ենք անում։

Ալվարո Մորատայի մարզավիճակի մասին․

-Մորատան հայտացուցակում է։ Նա մարզման ժամանակ վնասվածք է ստացել, սակայն դա լուրջ բնույթ չի կրում։

Արդյո՞ք «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալուց հետո ավելի վտանգավոր է դարձել․

-«Բարսելոնան» նույն թիմն է մնացել։ Ոչինչ չի փոխվել։

«Բարսելոնայի»՝ «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ տոնած հաղթանակում որքանո՞վ էր մեծ փարիզյան թիմի մեղավորությունը և մրցավարական գործոնը․

-Ինձ չի հետաքրքրում՝ ովքեր են մեղավոր։ Ես միայն իմ թիմի մասին եմ մտածում։ Ես այս ասուլիսին չեմ մասնակցում չորեքշաբթի օրվա խաղի վերաբերյալ հարցերին պատասխանելու համար։

«Ռեալի» ֆուտբոլիստների մոտիվացիայի մասին․

-Մենք վաղուց չենք հաղթել Իսպանիայի առաջնությունում, և դա մեզ համար հսկայական մոտիվացիա է։ Անկեղծ եմ ասում՝ չենք կարող յուրաքանչյուր երրորդ օրը խաղալ նույն ոճով և ինտենսիվությամբ։ Երբեմն ամեն ինչ բարդանում է, բայց դա նորմալ է։ Մենք մոտիվացված ենք ինչպես Չեմպիոնների լիգայում, այնպես էլ առաջնությունում։ Հատկապես Պրիմերան մեզ համար շատ կարևոր է, ցանկանում ենք այս տարի չեմպիոն դառնալ։ Գուցե որոշ հանդիպումներում թվա, թե բավականաչափ ցանկություն չունենք կամ ինքնավստահ չենք, սակայն Պրիմերան մեր առաջնային նպատակն է։

Բոլոր ֆուտբոլիստները ծարավ են հաղթանակների։ Հնարավոր է՝ «Բետիսի» դեմ խաղան նրանք, ովքեր ավելի քիչ են խաղաժամանակ ստանում։ Ես ցանկանում եմ, որ ամբողջ թիմը միշտ պատրաստ լինի, և խաղի բնույթը նշանակություն չունենա մեկնարկային կազմ ընտրելու համար։ Շուտով ֆուտբոլիստները կմեկնեն հավաքականների կազմերում խաղերի մասնակցելու, իսկ հետո մենք 28 օրվա ընթացքում 9 հանդիպում պետք է անցկացնենք, բայց ես խնդիրներ չեմ տեսնում։

«Ռեալի»՝ մրցավարներից աջակցություն ստանալու լուրերի մասին․

-Գիտենք, որ նյարդայինացնում ենք շատերին, բայց մենք ոչ ոքից կախվածություն չունենք։ Մենք դեռ կարող ենք ավելի լավ խաղալ, եթե ավելի կենտրոնացված լինենք։ Առջևում մրցաշրջանի ամենաբարդ հատվածն է, յուրաքանչյուր միավոր ոսկու գին է ունենալու, և մենք մտադիր ենք մտածել մեր աշխատանքի մասին, ոչ թե մյուսների։

Թիմի առաջատարների մասին․

-Ռամոսն ու Կրիշտիանուն մեր առաջնորդներն են։ Նրանք մեծ դերակատարություն ունեն։ Սերխիոյի անհատականությունը մեծ դեր է խաղում հանդերձարանում։ Նա շատ է օգնում երիտասարդ ֆուտբոլիստներին։

Կազեմիրոյի նշանակություն մասին․

-Կազեմիրոն մյուսների նման ֆուտբոլիստ է, նա խաղում և հանգստանում է մյուսների նման։ Գիտեմ, որ նա մեծ նշանակություն ունի թիմի համար, սակայն մի փոքր չափազանցրած կլինի ասել, թե մենք չենք հաղթել «Լաս Պալմասին» նրա բացակայության պատճառով։ Կազեմիրոյի բացակայությունն իր մեծ ազդեցությունն է ունենում, սակայն այդ դիրքում կարող են այլ ֆուտբոլիստներ խաղալ։

Խամեսի և Իսկոյի՝ մեկ թիմում խաղալու մասին․

-Իհարկե, այս հիանալի ֆուտբոլիստները կարող են միասին հանդես գալ միևնույն թիմում։ Հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում