«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Լոնդոնցիների երեք նվաճումները

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Լոնդոնցիների երեք նվաճումները

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ «Չելսին» մի քանի ուշագրավ վիճակագրական արդյունքներ է գրանցել:

Լոնդոնցիները 13-րդ անընդմեջ տնային հաղթանակն են տարել, ինչը ակումբի պատմության նոր ռեկորդն է: Այդ հանդիպումներից 8-ում Անտոնիո Կոնտեի թիմը սեփական դարպասն անառիկ է պահել, իսկ ընդհանուր խփած ու բաց թողած գոլերի թիվը 39:6 է: Վերջին անգամ «Չելսին» «Սթեմփորդ Բրիջում» հաղթանակ չի տոնել 2015 թվականի սեպտեմբերին, երբ Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում զիջել է «Լիվերպուլին» (1:2):

«Չելսին» 51 տարի անց կարողացել է Անգլիայի գավաթի խաղարկությունից դուրս թողնել գործող գավաթակրին: «Ազնվականներին» վերջին անգամ նման բան հաջողվել էր 1965-66թթ․ մրցաշրջանում, երբ մրցաշարի երրորդ շրջանում առավելության են հասել «Լիվերպուլի» նկատմամբ (2:1):

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղերում «Չելսին» իր անպարտելիության շարքը հասցրեց 12-ի: Վերջին անգամ լոնդոնցիները «կարմիր սատանաներին» զիջել են 2012 թվականի հոկտեմբերին: Այդ ընթացքում անգլիական թիմերը 12 հանդիպում են անցկացրել, որոնցում 7 անգամ հաղթել է Ռոման Աբրամովիչի հովանավորած թիմը, իսկ 5 մրցավեճ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Հատկանշական է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության ընթացքում ավելի անհաջող շարք եղել է միայն «Լիվերպուլի» (ավարտվել է 1927 թվականին) ու «Լիդսի» հետ դիմակայություններում (1972թ․):

Հետևեք մեզ նաև Telegram-ում