Երկրագնդի 70%-ը ջրով է ծածկված, մնացած մասը Կանտեի հսկողության տակ է

Երկրագնդի 70%-ը ջրով է ծածկված, մնացած մասը Կանտեի հսկողության տակ է

Եթե մի օր Երկրին երկնաքար մոտենա, վստահ եմ՝ Կանտեն կորսա այն։
Գարի Լինեկեր

«Չելսին» շարունակում է տպավորիչ ելույթների շարքը, Անտոնիո Կոնտեի թիմը գրեթե ապահովել է Անգլիայի չեմպիոնական տիտղոսը, դուրս է եկել գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Լոնդոնցիների հաղթանակներից հետո սովորաբար հերոսացնում են Էդեն Ազարին, Դիեգո Կոստային, նույնիսկ Մարկոս Ալոնսոյին: Պարզ տրամաբանություն է՝ մասնակցի՛ր գոլային գրոհներին և թագավոր կդառնաս: Իսկ լավագույն հենակետային կիսապաշտպա՞նը․․․ Նա սովորաբար ստվերում է։

Պատմում ենք այն ֆուտբոլիստի մասին, ով արդեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ մեծ դերակատարություն է ունենում իր թիմի համար չեմպիոնական տիտղոսը նվաճելու գործում։

Ինչո՞ւ էր Կանտեն Վարդիից ու Մարեզից կարևոր

Անցյալ մրցաշրջանում «Լեսթերում» լավագույն խաղացողների մրցանակին արժանացան Ռիյադ Մարեզն ու Ջեյմի Վարդին: Նգոլո Կանտեն չէր դիտարկվում որպես մրցանակներից մեկի հավակնորդ, թեև մեծ էր նրա ներդրումը չեմպիոնական տիտղոսը նվաճելու գործում։

Կանտեն Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լեսթերի» կազմում 33 խաղի է մասնակցել, մեկ խաղի ընթացքում միջինը 4․7 խլում է կատարել և 4․2 անդրադարձի տիրել: Սա եզակի ցուցանիշ է։ Համեմատության համար․ 2014-15թթ. մրցաշրջանում Անգլիայում լավագույն կիսապաշտպան ճանաչվեց Ֆրենսիս Կոկլենը, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ «Քրիստալ Փելասից» Միլե Եդինակը: Այս ֆուտբոլիստների՝ անդրադարձների տիրելու և խլումների միջին ցուցանիշը 3.5 էր։ Եթե խոսենք միջինացված ցուցանիշների մասին, ստացվում է՝ Նգոլոն սովորական թիմի կենտրոնում խաղացող առնվազն երկու ֆուտբոլիստի է հսկում:

Եվս մեկ հետաքրքիր վիճակագրություն, որ ցույց է տալիս Կանտեի յուրահատկությունը: Սկսած 2014-15թթ․ մրցաշրջանից ֆրանսիացին առաջատար է խլումների քանակով: Կանտեն Անգլիայում 253(+) խլում է կատարել, ավելի քան որևէ այլ խաղացող: Կարող է թվալ, թե ոչ մի հատուկ բան չկա, միայն թե Անգլիայում նրանից ավելի երկար հանդես եկողներն այնուամենայնիվ ավելի լավ չուցանիշ չեն գրանցում։

Հասկանալու համար, թե անցյալ տարվա «Լեսթերի» համար Կանտեն ինչ նշանակություն ուներ, բավական է աչքի անցկացնել «Արսենալի» դեմ խաղում նրա գործողությունները: Դա պարզապես վարպետության դաս էր մյուս կիսապաշտպանների համար: «Լեսթերը» երկրորդ կեսում 10 հոգով էր պայքարում, վերջնամասում զիջեց, բայց Նգոլոյի խաղն այդ ժամանակ բացահայտում էր: Նա 6 խլում կատարեց, 6 անդրադարձի տիրեց և մրցակցին թույլ չտվեց ջախջախել իր թիմին:

Իհարկե, հիմարություն կլինի պնդել, որ «Լեսթերին» չեմպիոն դարձնողը միայն Կանտեն էր, բայց ֆրանսիացու վաստակն անգնահատելի էր, իսկ հիմա երևում է՝ նրա բացակայությամբ ինչ է կատարվում «աղվեսների» կազմում։ Գլխավոր նրբությունն այն է, որ Վարդին ու Մարեզն առանց Կանտեի չեն կարող նույն մակարդակում խաղալ, իսկ ինքը՝ Նգոլոն անփոխարինելի կիսապաշտպան կլինի Անգլիայի ցանկացած թիմի համար: 

Ժամանակ ինտեգրման համար

Զարմանալի չէ, որ ամռանն անգլիական թոփ-ակումբների ուշադրությունն առաջնահերթ հենց Կանտեն գրավեց: Ֆրանսիացու տրանսֆերն ընդամենը 32 միլիոն ֆունտի դիմաց վաճառվեց: Չնչին գումար «Չելսիի» մակարդակի ակումբի ու Կանտեի պես ֆուտբոլիստի համար: Եթե մոռացել եք, թե ինչ խելահեղություն է կատարվում տրանսֆերային շուկայում, պարզապես հիշեք Պոլ Պոգբայի տրանսֆերային արժեքը։ Մի խոսքով, «Չելսին» իր պատմության լավագույն գործարքներից մեկն է կատարել:

Կանտեն «Չելսիի» համար պատրաստի ֆուտբոլիստ էր, բայց ամեն դեպքում մի փոքր շփոթվեց, երբ թիմը դեռ 4 պաշտպանով էր խաղում: Ֆրանսիացուց փոքր-ինչ ժամանակ պահանջվեց նոր խաղընկերներին, իրավիճակին հարմարվելու և նաև հարձակողական գործողություններին մասնակցելու համար: 

3-4-3 մարտավարությանն անցնելուց հետո Կանտեն իդեալական է «Չելսիի» կենտրոնի համար: Նա այնտեղ կատարում է իր սովորական աշխատանքը՝ ճանապարհից վերացնում է ամեն բան: Նգոլոյի՝ «Չելսիում» իր իրական խաղամակարդակին հասնելու մասին խոսեցին «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:0): Ֆրանսիացին գեղեցիկ գնդակ խփեց ու փայլեց իր դիրքում։ Դե իսկ մի քանի օր առաջ, Կանտեն կարծես հասկացրեց, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իր սիրելի մրցակիցն է։

Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն խլումների և անդրադարձների քանակով բացարձակ առաջատար չէ, սակայն սա չի նշանակում, թե նա ավելի վատ է խաղում։ Պարզապես «Չելսին» ավելի շատ ժամանակ է տրամադրում գրոհներին, քան «Լեսթերն» էր անում, արդյունքում Կանտեն համեմատաբար ավելի քիչ է աշխատում: Հիմա նրա միջին ցուցանիշը 3.6 է, նա զիջում է «Էվերթոնից» Իդրիսա Գայեին (4.9), բայց մրցաշրջանի ավարտին այս ֆուտբոլիստները հավանաբար կհավասարվեն:

Մրցաշրջանի առանցքային խաղերում, երբ ֆրանսիացուց պահանջվում է գործի դնել պաշտպանի կարողությունները, նա նախկինի պես ապշեցնում է գրանցած ցուցանիշներով: Օրինակ՝ «Լիվերպուլի» դեմ խաղում Կանտեն գլխավոր հերոսն էր, թեև նորից ստվերում էր: «Կարմիրների» դեմ խաղում նա 14 խլում կատարեց: Համեմատության համար նշենք, որ «Լիվերպուլի» ցուցանիշն ամբողջ խաղի համար 18 էր:

Այս պահին լավագո՞ւյն կիսապաշտպանը

Հաճախ լսում ենք, թե Կանտեն կրեատիվ խաղալու խնդիր ունի կամ կարող է փոխանցում կատարել միայն իրեն մոտ գտնվող ֆուտբոլիստին ու չի կարող սրել գրոհը, երբ դրա հարկը կա:

Մյուս կողմից, ինչո՞ւ Կանտեն սուր փոխանցումներով զբաղվի, եթե նրա գլխավոր խնդիրը մրցակիցներից գնդակ խլելն ու այն թիմակիցներին տալն է: Կանտեն գնդակը երբեք չի պահում, միշտ փորձում է մեկ հպումով խնդիրը լուծել: Ֆրանսիացին իդեալական է Անտոնիո Կոնտեի համար, քանի որ անթերի կատարում է իր աշխատանքն ու կենտրոնացած է առաջնահերթ հենց իր առջև դրված խնդիրների վրա։

Ի վերջո, մենք չենք զարմանում, որ Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն պաշտպանությունում շատ չեն աշխատում, ուրեմն ինչո՞ւ է Կանտեն պարտավոր իր գոտին, անմիջական պարտականությունները թողնել ու մասնակցել հարձակման գծի գործողություններին:

Երբ «Չելսին» հասնի չեմպիոնական տիտղոսին, լոնդոնյան ակումբում գուցե լավագույն ֆուտբոլիստի ընտրությունը կատարեն Դիեգո Կոստայի ու Էդեն Ազարի միջև: Իսկ Կանտե՞ն․․․ Նա կրկին ստվերում կմնա, սկանդալային հայտարարություններ չի անի, անգամ նոր սանրվածքի մասին չի մտածի․․․ Նա համեստորեն կշարունակի կատարել իր աշխատանքը։

«Երկրագնդի 70% ջրով է ծածկված, մնացած մասը Նգոլո Կանտեի հսկողության տակ է»,-սա երկրպագուների կարծիքն է ու թերևս լավագույն պարգևը Կանտեի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում