Ինչպե՞ս «Ռեալը» պետք է փորձի պաշտպանել Չեմպիոնների լիգայի տիտղոսը

Ինչպե՞ս «Ռեալը» պետք է փորձի պաշտպանել Չեմպիոնների լիգայի տիտղոսը

Եվրոպական էլիտար ակումբները բոլոր հնարավոր տիտղոսները նվաճել են, որոշ դեպքերում կարողացել են պաշտպանել դրանք, սակայն Չեմպիոնների լիգայում խնդիրն այնքան էլ հեշտ չէ: Դեռևս ոչ մի ակումբ չի կարողացել երկու անգամ անընդմեջ նվաճել եվրոպական ամենահեղինակավոր գավաթը: «Ռեալը» Չեմպիոնների լիգայի պատմության ամենատիտղոսակիր ակումբն է, բայց մրցաշարի նորագույն շրջանում մադրիդցիներին ևս չի հաջողվել պաշտպանել տիտղոսը:

Եկեք մի փոքր հեռանանք «խաղալ բոլորից լավ», «իրացնել պահերը», «գնդակը հարմարեցնել Սերխիո Ռամոսի գլխին», «ունենալ հեշտ մրցակից» սովորական դարձած հայտարարություններից ու քննարկենք քայլերը, որոնց վրա «Ռեալը» պետք է կենտրոնանա, որպեսզի առավելագույն հնարավորություն ունենա Քարդիֆում բարձրացնելու Չեմպիոնների լիգայի գավաթը։

Առողջ մնալ

Չնայած մեծ թվով հիանալի ֆուտբոլիստների առկայությանը՝ անգամ բարձրակարգ ակումբների հիմնական ու պահեստային կազմերի մեջ մեծ տարբերություն կա: Վնասվածքները կարող են լրջորեն ազդել հնարավորությունների վրա։ Հիշենք, թե երկու տարի առաջ որքան մահացու էր «Յուվենտուսի» դեմ խաղում Լուկա Մոդրիչի բացակայությունը:

Պահեստային ֆուտբոլիստները որքան էլ լավն են, նրանք չեն կարողանում լիովին փոխարինել վնասվածք ստացածներին, իսկ ուժեղ մրցակիցների դեմ խաղերում և հաղթանակի ճանապարհին դա կարող է դառնալ ճակատագրական խնդիր: Զինեդին Զիդանը հաճախ մեծ թափ է տալիս եզրերին, բայց հզոր մրցակցի դեմ խաղում դա չի օգնի լրացնել առանցքային ֆուտբոլիստի բացը։

Հասկանալի է, որ վնասվածքներից ապահովագրվել հնարավոր չէ, բայց գոնե Իսպանիայի առաջնությունում պետք է առաջատարներին փոխարինել հնարավոր վտանգներից հետ պահելու համար: Այո, գինը կարող է թանկ լինել՝ չեմպիոնի տիտղոս, բայց եվրոպական արենայում էլ տիտղոսի պաշտպանության իրական հնարավորություն միշտ չէ, որ տրվում է:

Չվախենալ առաջին խաղը սեփական հարկի տակ անցկացնել

Ո՞վ է ասել, թե հակամարտությունը սեփական հարկի տակ սկսել նշանակում է որոշակի առավելություն տալ մրցակցին:

1/8 եզրափակչում «Նապոլիի» հետ առաջին խաղում «սերուցքայիններին» չնյարդայինացրեց բաց թողած գնդակը, իսկ Նեապոլում կայացած պատասխան խաղի առաջին կեսում Զինեդին Զիդանի թիմը խուճապի մեջ էր, և դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե չլիներ Սերխիո Ռամոսի՝ գլխով կարևոր գոլեր խփելու սովորությունը։

Ավելի ուժեղ մրցակցի դեպքում արտագնա պատասխան խաղի անգամ վերջին վայրկյանները կարող են մեծ նշանակություն ունենալ, բայց տիտղոսը պաշտպանել ցանկացող թիմը չպետք է գործը դրան հասցնի։

Իհարկե, նոր քաղաքը, նոր մարզադաշտը լավագույն գործոնները չեն լավագույն հատկանիշների դրսևորման համար, բայց պետք է ընդունել, որ դաշտը նույնն է բոլորի համար: Բարձր մակարդակ ունեցող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները պարտավոր են գլուխ հանել տրիբունաների ճնշումներից, եթե անգամ նրանք պատրաստ են իսկական դժոխք ապահովել հյուրերի համար, ինչին մադրիդցիներն ականատես եղան Նեապոլում։

Եզրայիններին տեմպի մեջ պահել

Եթե Մարսելոյի դեպքում ինչ-որ չափով հասկանալի է, բրազիլացին միշտ պատրաստ է ու նրա տաղանդը կասկածի տակ դնել պետք չէ, ապա մյուս եզրում, հատկապես Գարեթ Բեյլի երկարատև բացակայությունը հաշվի առնելով, որոշ մտավախություններ կան: Վերջերս շատ են կարծիքները, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողանում նախկինի նման գոլային պահեր ստեղծել, Կարիմ Բենզեմայի անկայուն խաղի և հիանալի դիրքերից վրիպելու «վարպետությունն» ավելորդ է քննարկել, Գարեթ Բեյլը վնասվածքից հետո դեռևս իդեալական մարզավիճակում չէ։ Ի՞նչ անել։

Գուցե ամեն ինչ շատ ավելի լավ լիներ, եթե օրինակ Դանիլոն գոնե մի փոքր կարողանար համապատասխանել բարձրակարգ պաշտպանի որակներին: Այո, երբեմն նա մրցակցի կիսադաշտում կարող է վտանգավոր լինել, բայց սեփական կիսադաշտում ևս նա վտանգավոր ֆուտբոլիստ է։ Դանիլոյի թույլ կողմերից և ոչ մեկը չի կատարելագործում, ու դրա հետևանքով Նաչոն ու Կարվախալը ցույց են տալիս, թե լիովին համապատասխանում են «Ռեալի» մակարդակին ու պահանջներին: Սխալ չհասկանաք, քանի որ Նաչոն ու Կարվախալը հիանալի ֆուտբոլիստներ են, բայց որոշակիորեն սահմանափակ են հնարավորությունների ու բազմակողմանիության տեսանկյունից: Միակ տարբերակը, որի դեպքում եզրային խնդիրը չի առաջանա, նրանց լավ մարզավիճակում լինելն ու ուժերի առավելագույն սահմանում խաղալն է:

Բեյլը պետք է ստանձնի առաջատարի դերը

Ռոնալդուի գերիշխանության շրջանն աստիճանաբար ավարտվում է: Նա շարունակում է հիասքանչ ֆուտբոլիստ մնալ, բայց դա չի հերքում փաստը, որ Բեյլը հիմա, ավելի քան երբևէ, մոտ է ղեկն իր ձեռքը վերցնելուն: Վնասվածքը խառնեց բոլոր խաղաթղթերը, բայց մրցաշրջանի վճռորոշ հատվածը կարող է ամեն ինչ Բեյլի օգտին շրջել:

Լուկաս Վասկեսը Բեյլին լավ է փոխարինում, բայց երբ Գարեթն է դաշտում, նա հսկայական ազդեցություն է թողնում մրցակցի բոլոր ֆուտբոլիստների վրա, ովքեր ստիպված են ավելի խորքից խաղալ, քանի որ հասկանում են՝ որքան վտանգավոր է արագավազ ուելսեցուն ազատ տարածություն տալը: Ի վերջո, Բեյլի ներկայությունը մրցակցի եզրայիններին ստիպում է թիկունքում ակտիվ լինել, ինչն էլ բավականին հեշտացնում է Կարվախալի աշխատանքը: 

Մոտվիացիա․ եզակիի պահն օգտագործել որպես շարժառիթ

«Ռեալում» այնպիսի ֆուտբոլիստներ են հավաքվել, ովքեր բավականաչափ գումար են աշխատել, բազմաթիվ տիտղոսներ նվաճել, վայելում են երկրպագուների սերը: Նրանցից շատերն անգամ Չեմպիոնների լիգայի հաղթանակին ծարավ չեն, բայց պատմության մեջ հետք թողնել՝ դառնալով առաջին թիմը, որ երկու անգամ անընդմեջ մրցաշարի գավաթակիր է դառնում, բոլորովին այլ հարց է: Սա մարդու մեջ բնությունից դրված ձգտում է: Այնպես որ՝  պետք չէ թերագնահատել եզակի հաջողության ուժը, որի հետևից այսօր գնում է Մադրիդի ակումբը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում