Մոուրինյու․ ՖԱ-ն և ԱՊԼ-ն թքած ունեն անգլիական ակումբների՝ Եվրոպայում հաջողության հասնելու վրա

Մոուրինյու․ ՖԱ-ն և ԱՊԼ-ն թքած ունեն անգլիական ակումբների՝ Եվրոպայում հաջողության հասնելու վրա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն սուր քննադատության է ենթարկել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային (FA) և Պրեմիեր լիգայի ղեկավարներին։

Պորտուգալացի մասնագետի կարծիքով, այս կառույցներին չի հետաքրքրում անգլիական թիմերի՝ եվրագավաթներում հանդես գալու փաստը։ «Մանչեսթեր Յունայթեդը» մարտի 16-ին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում խաղացել է «Ռոստովի» հետ (1:0), իսկ արդեն մարտի 19-ին Պրեմիեր լիգայի շրջանակում հյուրընկալվելու է «Միդլսբրոյին»։

-Ես հասկանում եմ, որ Անգլիայում ոչ ոք չի օգնում ակումբներին, բայց ես չեմ կարող հասկանալ, թե ինչու մեզ չեն ընդառաջում եվրագավաթային խաղերի ընթացքում։ Այս մասին վաղուց եմ խոսում, դեռևս «Չելսիում» աշխատելու առաջին տարիներից։ Խոսում եմ ոչ միայն ինձ համար, այլ բոլորի։

Կարծում եմ՝ Ֆուտբոլային ասոցիացիան ու Պրեմիեր լիգան թքած ունեն անգլիական ակումբների՝ Եվրոպայում հաջողության հասնելու վրա։ Մեր հաջորդ հանդիպումը պետք է կիրակի ժամը 13։00-ին (տեղական ժամանակով-խմբ․) անցկացնենք։ Ինչո՞ւ։ Մենք պետք է լինեինք այս տուրում վերջինը խաղ ունեցող թիմը, իսկ մեր հանդիպումը նշանակում են կիրակի։ Թույլ տվեք գոնե մի փոքր քնել։ Մենք պետք է 07։00-ին արթնանանք, որպեսզի հասցնենք նախաճաշել և ժամանել խաղին։

Երբ աշխատում էի Իտալիայում, եվրագավաթային հանդիպումներ ունեցող թիմերը խաղում էին ուրբաթ օրերին։ Պորտուգալիայում խաղերը տեղափոխում էին հաջորդ երկուշաբթի։ Բոլոր երկրներում թիմերին օգնում են, իսկ Անգլիայում՝ ոչ,- Մոուրինյուի խոսքը մեջբերված է «The Telegraph»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում