Հունահռոմեական ոճի ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն ավարտել է երևանյան ուսումնամարզական հավաքը: Մեր ընտրանին նախապատրաստվում է մայիսի 2-7-ը, Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ հավաքի վերջին օրն առավոտյան ըմբիշներն աշխատել են գորգում, իսկ երեկոյան ընդհանուր ֆիզպատրաստությունը բարձրացնելու նպատակով բասկետբոլ են խաղացել։

«Այս հավաքը հիմնականում նվիրված էր ըմբիշների ակտիվության բարձրացմանը, տեխնիկատակտիկական հնարքների մշակմանը, Կիևի միջազգային մրցաշարում նկատված թերությունները, տեխնիկական խոտանները վերացնելուն:

Մարտի 26-ից ապրիլի 8-ը ևս մեկ հավաք ունենք Ծաղկաձորում, այնուհետև՝ Մինսկի «Ստայկի» մարզաբազայում, որից հետո կմեկնենք Եվրոպայի առաջնություն», – ասել է մարզիչը։

Հավաքականի մարզիչներն արդեն գիտեն, թե ովքեր են Հայաստանը ներկայացնելու Եվրոպայի առաջնությունում, սակայն անունները դեռ չեն հրապարակվում։

«Դա գլխավոր մարզչի անելիքն է: Կարծում եմ՝ Լևոն Ջուլֆալակյանը համապատասխան հայտարարություն կանի արդեն ծաղկաձորյան հավաքի ավարտին»,- ասել է Գևորգ Ալեքսանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում