Ուժգին ձյան ներքո կայացած խաղում փոխվեց Հայաստանի առաջնության առաջատարը (տեսագրություն)

Ուժգին ձյան ներքո կայացած խաղում փոխվեց Հայաստանի առաջնության առաջատարը (տեսագրություն)

Հայաստանի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Շիրակն» ընդունել է «Գանձասար-Կապանին»: Ուժգին ձյան ներքո ընթացած հանդիպումն ավարտվել է կապանցիների հաղթանակով` 2:1 հաշվով:

Խաղի ընթացքում գլխավոր մրցավար Սուրեն Բալիյանը ստիպված է եղել մոտ 10 րոպեով դադարեցնել հանդիպումը, որպեսզի ձյունը մաքրվի և խաղադաշտի գծերը երևան:

«Մարզային դերբիի» հիմնական իրադարձությունները զարգացել են վերջին 20 րոպեների ընթացքում: Հյուրերը հաշիվը բացել են անկյունայինի խաղարկման ժամանակ, երբ Ռաֆայել Ղազարյանի փոխանցումից հետո Վարդան Բակալյանը գլխի հարվածով իր առաջին գոլն է խփել կապանցիների կազմում: Քիչ անց, գյումրեցիների հարձակվող Վահան Բիչախչյանը երկրորդ դեղին քարտն է ստացել և հեռացվել է խաղադաշտից:

86-րդ րոպեին Աշոտ Բարսեղյանի թիմը երկրորդ անգամ է արդյունավետ օգտագործել ստանդարտ իրավիճակի խաղարկումը: Լուբամբո Մուսոնդայի փոխանցումից հետո Հայկ Իշխանյանը գլխի հարվածով գրավել է Անատոլի Այվազովի պաշտպանած դարպասի ձախ վերին անկյունը:

Հիմնական ժամանակի վերջին րոպեին փոխարինման մտած Մուսա Փոլ Բակայոկոն միջին տարածությունից կատարած հարվածով մեկ գնդակով կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն Վարդան Բիչախչյանի թիմը չի կարողացել խուսափել պարտությունից:

«Շիրակն» այս պարտությունից հետո մնաց երկրորդ տեղում (37 միավոր) և «Ալաշկերտին» (39) թույլ տվեց 20-րդ տուրի արդյունքներով դառնալ Բարձրագույն խմբի նոր առաջատար: «Գանձասարն» էլ 36 միավորով ավելի մոտեցավ գյումրեցիներին:

Լուսանկարները` «Գանձասարի» մամուլի ծառայության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում