Արթուր Ոսկանյան. Եթե 1 մետրից գոլ չենք խփում, ինչպե՞ս կարող ենք հաղթել

Արթուր Ոսկանյան. Եթե 1 մետրից գոլ չենք խփում, ինչպե՞ս կարող ենք հաղթել

Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում «Բանանցը» հերթական պարտությունը կրեց: Երևանցիները սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեցին «Փյունիկին»: Խաղից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն իր մեկնաբանությունը տվեց։

«Խաղի մասին շատ բան չեմ կարող ասել․ եթե 1 մետրից գոլ չենք խփում, ինչպե՞ս կարող ենք սպասել, որ կհաղթենք»,- ասաց Ոսկանյանը։

Խաղասկզբում տանտերերը երկու գոլային պահ ունեին, որոնք չիրացնելուց հետո սկսեցին ավելի պասիվ գործել հարձակման գծում: Ոսկանյանը դա հետևյալ կերպ բացատրեց․

«Արդեն որերրորդ խաղն է՝ վնասվածքով ֆուտբոլիստ ունենք: Նենադ Ինյացը երևի 10-րդ րոպեից վնասվածք ստացավ և մի կերպ ավարտեց առաջին կեսը: Կարծես թե առջևի գծում մեկ ֆուտբոլիստ պակաս լինեինք: Դա է պատճառը, որ տեմպը թուլացավ»:

Նախորդ հանդիպման համեմատ «Բանանցի» մեկնարկային կազմում մի շարք փոփոխություններ էին կատարվել: Այդ թվում՝ դարպասապահ Արամ Հայրապետյանի փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Ստեփան Ղազարյանը: Այդ փոփոխությունների վերաբերյալ Ոսկանյանն ասաց.

«Մենք հայտարարել ենք, որ փորձելու ենք խաղային պրակտիկա տրամադրել մեր երիտասարդ ֆուտբոլիստներին: Քանի որ առաջնությունն արդյունքների տեսանկյունից մեզ համար վերջացած է, փորձում ենք բոլոր խաղացողներին փորձարկել:

Այսօր մեկնարկային կազմում չէր նաև Վլադկո Դրոբարովը, իսկ Արթուր Ավագյանն ու Վալտեր Պողոսյանն ընդհանրապես հգայտացուցակում չէին:

«Դրոբարովն անցած մրցավեճում վնասվածք ստացավ, նույնը նաև Հակոբ Համբարձումյանը: Չէինք ծրագրել մակեդոնացուն խաղադաշտ դուրս բերել, սակայն հանգամանքների բերումով ստիպված էինք դա անել: Ինչ վերաբերվում է Վալտեր Պողոսյանին, ապա նա դեռ նոր է սկսել մարզումները և դեռ պատրաստ չէ: Ավագյանը չխաղաց, որովհետև ուզում էինք գործի մեջ կրկին տեսնել Նարեկ Պետրոսյանին, պահեստայինների թվում էր նաև Ժիրայր Մարգարյանը, ով հնարավոր էր ասպարեզ դուրս գար, եթե չլինեին պարտադրված փոփոխությունները»,- ասաց մարզիչը։

Նորայր Գյոզալյանը կրկին խաղում էր իր համար անսովոր եզրային հարձակվողի դիրքում: Sport.Times.am-ը Ոսկանյանին հարցրեց, թե ինչպես է գնահատում Գյոզալյանի խաղը և արդյոք արդարացվում է նրան եզր տեղափոխելու որոշումը:

«Մինչև այսօր Գյոզալյանն այդ դիրքում լավ էր գործում, իրեն շատ լավ էր զգում այնտեղ: Մենք նույնպես գոհ ենք նրա խաղից: Պարզապես այսօր նրա խաղը չստացվեց: Նրան ձախ եզրից տեղափոխեցինք աջ, սակայն հետո փոխարինեցինք: Պատահում է, երբ ֆուտբոլիստի մոտ մի օր հաջող խաղ չի ստացվում: Նախորդ հանդիպումներում մեր ամենաուժեղ եզրը ձախն էր, որում հենց Գյոզալյանն էր գործում»:

«Բանանցը» վերջին անգամ պաշտոնական խաղում հաղթել է սեպտեմբերի 29-ին (արտագնա խաղում «Շիրակին»` 1:0): Sport.Times.am-ը երևանցիների մարզչից տեղեկացավ, թե առանց հաղթանակների շարքն ինչպես է ազդում թիմի վրա:

«Թիմի խաղում ավելորդ շտապողականություն կա: Ամեն դեպքում կցանկանամ ընդգծել, որ դա չի ազդել թիմի մթնոլորտի վրա, այն շատ լավ է: Ցավոք, հաղթանակը շատ է ուշանում: Տղաները չափազանց շատ են ուզում հաղթել և վերջ դնել այդ շարքին, ինչի պատճառով ակնհայտ գոլային իրավիճակներում վրիպումներ են թույլ տալիս: Այլ կերպ չեմ կարող բացատրել 2 մետրից դարպասը չգրավելու դրվագները: Դեռ անփորձ են»:

Ոսկանյանին հարց տրվեց նաև Արամ Լոռեցյանի ապաքինման ընթացքի մասին:

«Մեզ համար շատ լավ է ստացվում, որ հաջորդ շաբաթ հավաքականի խաղերն են և առաջնությունում տուր չի անցկացվելու: Այս ընթացքում սպասում ենք, որ կապաքինվեն ինչպես Արամ Լոռեցյանը, այնպես էլ Վալտեր Պողոսյանը, Հակոբ Հակոբյանը, Արամ Քոչարյանը, Հակոբ Համբարձումյանը: Բոլորն էլ փորձառու խաղացողներ են և նրանք շատ կօգնեն թիմին»,- խոսքը եզրափակեց Արթուր Ոսկանյանը։

 

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում