«Բարսելոնան» հաղթեց 10 հոգով խաղացող «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալեց «Վալենսիային» և 4։2 հաշվով հաղթանակ տոնեց։

Առաջին խաղակեսը հագեցած էր իրադարձություններով։ Հաշիվը բացվեց 29-րդ րոպեին․անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Էլյակիմ Մանգալան։ Կատալոնացիները բավականին արագ վերականգնեցին հավասարությունը․ 35-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Լուիս Սուարեսը։

44-րդ րոպեին ուշադրության կենտրոնում կրկին Մանգալան և Սուարեսն էին․ առաջինը սեփական տուգանային հրապարակում խախտեց ուրուգվայցու նկատմամբ կանոնները․ գլխավոր մրցավար Ալեխանդրո Խոսե Էրնանդեսը կարմիր քարտ ցույց տվեց Մանգալային և «չղջիկների» դարպասին նշանակեց 11-մետրանոց տուգանային։ Նշակետին մոտեցած Լիոնել Մեսսին չվիրպեց։

Երկրորդ գոլից հետո դաշտի տերերը, ասես, մտքով արդեն հանդերձարանում էին, երբ «Վալենսիայի» ֆուտբոլիստներին հաջողվեց արդյունավետ գրոհ կազմակերպել․ Մունիր Էլ-Հադադին խաղակեսի ավարտից վայրկյաններ առաջ հաշիվը դարձրեց 2։2։

Երկրորդ կեսում թվային առավելություն ունեցող դաշտի տերերը հաղթանակի հասան։ 52-րդ րոպեին Մեսսին դարձավ դուբլի հեղինակ, 89-րդ րոպեին էլ վերջնական հաշիվը ձևակերպեց Անդրե Գոմեշը։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 63 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և առաջատար «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, զիջում է 2 միավորով։ «Վալենսիան» մնաց 30 միավորով 14-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բարսելոնա» – «Վալենսիա»՝ 4։2
Գոլերը՝ Սուարես 35՛, Մեսսի 45՛ / 11-մետրանոց, 52՛, Գոմեշ 89՛ – Մանգալա 29՛՛, Մունիր 45+1՛
Հեռացում՝ Մանգալա 44՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում