Ե՞րբ կավարտվի իսպանական թիմերի գերիշխանությունը. Ալեքս Ֆերգյուսոնի կարծիքը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ Լիոնել Մեսսիի («Բարսելոնա») ու Կրիշտիանու Ռոնալդուի («Ռեալ») կարիերաների ավարտից հետո իսպանական թիմերը եվրագավաթներում այլևս երկարատև հաջող ելույթներ չեն ունենա:

Շոտլանդացին վստահ է, որ դրանից հետո ԱՊԼ-ի ներկայացուցիչները կրկին կսկսեն լուրջ արդյունքների հասնել:

«Ինչո՞ւ անգլիական թիմերը չեն դառնում Չեմպիոնների լիգայի հաղթող: Դա բարդ է, շատ բարդ: Կարծում եմ` պատմությունը փուլային է: 70-ականներին հավասարը չունեին «Այաքսն» ու «Բավարիան», 80-ականներին` «Լիվերպուլը», 90-ականներին իտալական թիմերը: Այնուհետև Անգլիան հիանալի արդյունքների հասավ: Մենք 5 տարի անընդմեջ (2005-2009) եզրափակչում մասնակից ունեինք:

Այժմ գերիշխում են իսպանական թիմերը, դրանում որևէ կասկած չկա: Հենց նրանց պատճառով Չեմպիոնների լիգան չեն հաղթում «Բավարիան», իտալական և ֆրանսիական ակումբները: Հիմա իսպանական թիմերի հաղթանակների ժամանակաշրջանում ենք, բայց ամեն ինչ կարող է փոխվել

Մեսսին ծերանում է, Ռոնալդուն ծերանում է: Չեմ կարծում, թե հնարավոր կլինի լիարժեք փոխարինել նրանց: Այնպես որ, երբ այդ երկու ֆուտբոլիստներն ավարտեն կարիերաները, հաղթանակների փուլը նույնպես կփոխվի»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում «ESPN»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում