«Մանչեսթեր Յունայթեդի» 110 միլիոն եվրոյի առաջարկը մերժվել է

«Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ ջանքեր է գործադրում «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը գնելու համար: Անգլիական ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար արդեն երկու պաշտոնական առաջարկ է կատարել,- տեղեկացնում է «Cope.es»-ը:

«Կարմիր սատանաները» սկզբում առաջարկել են 80 միլիոն եվրո, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթի» – «Մոնակո» առաջին խաղից (5:3) հետո 110 միլիոն: Իշխանական ակումբը երկու անգամ պատասխանել է մերժմամբ: «Կարմրասպիտակները» դեռևս չեն ծրագրում բաժանվել Մբապեից, նույնիսկ համաշխարհային ֆուտբոլի համար ռեկորդային գնի դիմաց:

Նշվում է նաև, որ չնայած տարածված տեղեկություններին, Մադրիդի «Ռեալը» երիտասարդ հարձակվողի համար «Մոնակոյին» դեռ չի դիմել:

Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Մբապեն մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 19 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում