Մեսսիի գոլը հաղթական էր. Ուրուգվայ-Բրազիլիա խաղում հեթ-տրիկ է գրանցվել (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում կայացել են Հարավային Ամերիկայի գոտու 13-րդ տուրի հանդիպումները:

Արգենտինայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Չիլիի ընտրանուն և 1:0 հաշվով հաղթանակ տոնել: Միակ գնդակը 16-րդ րոպեին հեղինակել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, ով հստակորեն իրացրել է Անխել դի Մարիայի վաստակած 11-մետրանոց հարվածը:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին «Ալբիսելեստեի» 10 համարի իրացրած տուգանայինից հետո Նիկոլաս Օտամենդին 3 մետր հեռավորությունից զարմանալիոերն չի գրավել դարպասը: Երկրորդ կեսի միջնամասում Ալեքսիս Սանչեսի իրացրած տուգանային հարվածից հետո գնդակը դիպչել է հորիզոնական դարպասաձողին:

Այդ հաղթանակից հետո Արգենտինան ունի 22 միավոր և բարձրացել երրորդ հորիզոնական: Չիլին 20 միավորով նահանջել է 6-րդ տեղ:

Շարունակում է մրցակիցներին չնկատել Բրազիլիայի հավաքականը: «Սելեսաոն» այսօր մրցակցի հարկի տակ 4:1 հաշվով պարտության է մատնել Ուրուգվայի ընտրանուն:

Հյուրերի կազմում հեթ-տրիկի (18, 51, 90+2 րոպեներ) հեղինակ է դարձել «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Պաուլինյոն, ով այժմ հանդես է գալիս չինական «Գուանչժոու Էվերգրանդում»: Հատկապես գեղեցիկ է ստացվել նրա առաջին գնդակը: Եվս մեկ գոլ (74) խփել է բրազիլացիների առաջատար Նեյմարը, ով դարպասապահի գլխավերևով գնդակն ուղարկել է դեպի ցանցը:

Հատկանշանակ է, որ Լուիս Սուարես բացակայության պարագայում առաջատարի դերը ստանձնած Էդինսոն Կավանին բացել է խաղի հաշիվը, երբ հանդիպման մեկնարկում (9) Մարսելոն անհաշվենկատ փոխանցում է կատարել դարպասապահին և ՊՍԺ-ի հարձակվողը 11-մետրանոց է վաստակել, ապա նաև իրացրել:

Տիտեի գլխավորած թիմը 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և վաստակած 30 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:

13-րդ տուրի մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ հաշիվները.

Կոլումբիա – Բոլիվիա` 1:0
Գոլը՝ Խամես Ռոդրիգես (83)
Չիրացված 11-մետարնոց՝ Խամես Ռոդրիգես (83)

Պարագվայ – Էկվադոր` 2:1
Գոլերը՝ Բրունո Վալդես (12), Ժունիոր Ալոնսո (65) – Ֆիլիպե Կայսեդո (70, 11-մ)

Վենեսուելա – Պերու` 2:2
Գոլերը՝ Միկել Վիլանուեվա (24) Ռոմուլո Օտերո (40) – Անդրե Կարիլյո (46), Պաոլո Գերեյրո (65)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում