Մխիթարյան. Եթե մտածեմ Հայաստանի «դեսպանը» լինելու մասին, խաղս չի ստացվի

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է 2016 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Մրցանակաբաշխությունից հետո 28-ամյա խաղացողը պատասխանել է լրագրողների հարցերին: 

-Այս մրցանակն ինձ համար բացառիկ չէր, որովհետև նախկինում մի քանի անգամ ստացել եմ: Այն ինձ ավելի շատ ուժ կտա և կփորձեմ հետագայում առավելագույնս անել, որպեսզի կրկին արժանանամ այդ կոչմանը:

-Ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում հավաքականում, խաղացողներն ինչպե՞ս են տրամադրված:

-Բոլորն էլ լավ են տրամադրված, բոլորս հասկանում ենք առաջիկա խաղի արժեքը: Կարծում եմ` հանդիպման ժամանակ կկարողանանք մեզ դրսևորել, խաղալ այնպես, ինչպես կարող ենք և բնականաբար հաղթանակ տոնել:

-Մոնտենեգրոյի հետ հանդիպումը չափազանց էմոցիոնալ ստացվեց: Այժմ երկրպագուների սպասելիքները շատ չի՞ լինի:

-Երկրպագուների սպասելիքները միշտ էլ շատ են: Ցանկացած խաղում բոլորը, ինչպես նաև մենք, հաղթանակ ենք սպասում: Նախորդ խաղում գրավիչ հաղթանակ տոնեցինք և պարզ է, որ ցանկացած հայ այժմ մեզնից նոր հաղթանակներ է սպասում: Դա միշտ մեր ձգտումն է եղել: Երբեմն ստացվել է, իսկ երբեմն` ոչ:

-«Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ հանդիպումից հետո, որին դուք չէիք մասնակցել, Ժոզե Մոուրինյուն ասել էր. «Մենք կորցրել էինք Հենրիխին»: Այժմ դուք ինչպիսի՞ մարզավիճակում եք:

-Փոքր վնասվածք ունեի, այդ պատճառով չմասնակցեցի «Միդլսբրոյի» դեմ մրցավեճին, չնայած պահեստայինների թվում էի: Փառք Աստծո, հիմա ամեն ինչ նորմալ է: Պատրաստ եմ Ղազախստանի հետ խաղին:

-Ձեզ չի՞ մտահոգում, որ լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար մրցակցություն չկա:

-Մրցակցություն միշտ էլ կա: Որևէ կապ չունի, թե որերրորդ անգամ եմ դառնում Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Հավաքականում բոլոր խաղացողներն էլ իմ ընկերներն են, բայց նաև լավագույնի կոչման համար մրցակիցներ են: Նշեմ, որ ազգային ընտրանու կազմում խաղում եմ ոչ թե անհատական մրցանակների, այլ ազգի համար, Հայաստան անունը բարձր պահելու համար: Լինի դա Անգլիայում, թե ամբողջ աշխարհում, որովհետև ինձ համար շատ կարևոր է, որ բոլոր մարդիկ իմանան Հայաստանի մասին: Միշտ ասել եմ, որ լավագույն ֆուտբոլիստի մրցանակն ինձ համար մեծ պատիվ է, բայց այն առաջնային չէ, որովհետև ավելի մեծ նպատակներ ունեմ:

-Արդյո՞ք երիտասարդ խաղացողների մեջ տեսնում եք որևէ մեկին, ով մոտակա տարիներին կարող է հասնել Ձեր խաղամակարդակին:

-Շատ չեմ հետևում ելույթներին: Ժամանակ առ ժամանակ դիտում եմ Հայաստանի առաջնության հանդիպումները, բայց ոչ մանրադիտակով: Եթե լինեն տաղանդավոր ֆուտբոլիստներ, շատ ուրախ կլինեմ, որովհետև նրանք են մեր ապագան: Մեր հավաքականի ֆուտբոլիստները հասել են այն տարիքին, որ ժամանակն է երիտասարդները ցանկացած պահի մեզ փոխարինեն:

-Դարձել եք «Մանչեսթեր Յունայթեդի» կարևորագույն խաղացողներից մեկը: Գաղտնիք չէ, որ շատ դժվարություններ եք հաղթահարել այդ ամենին հասնելու համար: Մի քանի բառով կասեք, թե ինչպես հաջողվեց դառնալ այդքան կարևոր ֆուտբոլիստ:

-Առանց դժվարությունների այս կյանքը ոչնչի պետք չէ: Ցանկացած մարդ պետք է փորձությունների միջով անցնի: Գիտեի, որ վաղ թե ուշ իմ հնարավորությունը ստանալու եմ և պետք է այն օգտագործեմ: Երբեմն էլ ավելի ծանր դժվարությունների ես հանդիպում, բայց պետք է պատրաստ լինես: «Մանչեսթեր Յունայթեդում» իմ առաջնային նպատակը թիմին օգնելն ու նրա մի մասնիկը դառնալն է:

-Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում եք և կարելի է ասել ինչ-որ առումով Հայաստանի դեսպանն եք աշխարհում: Արդյո՞ք նման ուշադրությունը լարվածություն չի հաղորդում:

-Ոչ, լարվածություն չի առաջացնում, որովհետև դրան ուշադրություն չեմ դարձնում: Կենտրոնանում եմ իմ խաղի վրա, որովհետև եթե մտածեմ Հայաստանի համար դեսպան լինելու մասին, ինձ մոտ խաղադաշտում ոչինչ չի ստացվի: Ցանկանում եմ հնարավորինս հաջող հանդես գալ, ինչով հենց բոլորին ցույց կտամ, թե ինչ է նշանակում լինել հայ և Հայաստանը ներկայացնել արտերկրում:

-Ղազախստանի հավաքականին ինչպիսի՞ մրցակից եք համարում:

-Մեզ համար հեշտ մրցակիցներ երբեք չեն լինում: Շատ բան կախված կլինի, թե ինչպես կնախապատրաստվենք հանդիպմանը, ինչպես ուսումնասիրած կլինենք նրանց և հաջողությունը որքանով կօգնի մեզ: Մրցակցի ուսումնասիրությունը դեռ ընթացքի մեջ է, ամբողջովին դեռ չենք վերջացրել: Մարզիչը մեզ կօգնի գտնել նրանց թույլ և ուժեղ կողմերը:

-Երեկ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 1:10 հաշվով պարտվեց Գերմանիայի իր հասակակիցների թիմին: Ի՞նչ խորհուրդ կտաք այդ հայ պատանիներին:

-Ինձ հետ էլ է պատահել, որ այդ տարիքում խոշոր հաշվով պարտվենք: Այդ հանդիպումից հետո չեմ ընկճվել, հետևություններ եմ արել: Եթե մարդ նման պարտությունից հետո պետք է ընկճվի, ավելի լավ է ընդհանրապես ֆուտբոլ չխաղա:

Լուսանկարները` ՀՖՖ-ի մամուլի ծառայության 

Հետևեք մեզ նաև Telegram-ում