Գևորգ Ղազարյան. Այս մրցանակը շատ պարտավորեցնող է
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը ճանաչվել էր 2016 թվականի Հայաստանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ: Պորտուգալական «Մարիտիմուի» կազմում հանդես եկող խաղացողը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ստացել է երկրորդ տեղի մրցանակը, որից հետո պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի:
«Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Մեծ պատիվ է լավագույն եռյակում հայտնվելը: Դա շատ պարտավորեցնող է: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել են իմ օգտին»:
-Հայաստանի հավաքականի համար առջևում շատ կարևոր հանդիպում է: Ինչպիսի՞ մարզավիճակով եք վերադարձել Հայաստան և ի՞նչ ակնկալիքներ ունեք Ղազախստանի հետ մրցավեճից:
-Մարզավիճակս նորմալ եմ գնահատում: Մշտական խաղային պրակտիկա ունեմ: Ղազախստանի հետ մրցավեճից մեծ ակնկալիքներ ունեմ, պետք է հաղթենք:
-Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ երկրորդ հանդիպում եք անցկացնելու: Ի՞նչ նոր բան է նա բերել հավաքական:
-Յուրաքանչյուր մարզիչ մարզումներ անցկացնելու իր մեթոդն ունի: Փոփոխությունները շատ են:
-Հավաքականի նախորդ խաղում դարձաք հաղթական գոլի հեղինակ և այժմ ձեզնից մեծ սպասումներ կան: Առաջիկա մրցավեճում ի՞նչ կարող եք տալ ազգային ընտրանուն:
-Ինձ համար կարևոր է ամբողջությամբ նվիրվել խաղին: Իմ խաղը երբեմն կարող է լավ ստացվել, երբեմն` ոչ, բայց միշտ ամեն ինչ անում եմ հաղթանակի համար: Հուսով եմ` այս անգամ ամեն ինչ կստացվի:
-Կարծես, վերջապես գտել եք ձեր առաջնությունը: Ինչպիսի՞ն է ձեզ համար Պորտուգալիայի առաջնությունը:
-Այդ մրցաշարն ինձ դուր է գալիս, կարելի է ասել՝ ինչ-որ առումով հոգեհարազատ է: Այնտեղ խաղում են արագուժային ու տեխնիկական ֆուտբոլ:
-Ձեր բացակայության ժամանակ 10 համարի խաղաշապիկով հանդես էր գալիս Տիգրան Բարսեղյանը: Արդեն կողմնորոշվե՞լ եք, թե ո՞վ կրելու այդ համարը:
-Տիգրանը 10 համարով մի քանի հանդիպման է մասնակցել: Հավանաբար, ես կշարունակեմ կրել այդ համարի խաղաշապիկը:
Լուսանկարները` ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջի
Հետևեք մեզ նաև Telegram-ում