Մարկոս Պիզելի. Ծնողներիս շատ դուր եկավ Երևանը

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով արժանացել է նախորդ տարվա Հայաստանի երրորդ լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, կիսվել է այդ մրցանակի և հավաքականի առաջիկա խաղի մասին կարծիքով։

«Շատ ուրախ եմ, որ գրավել եմ երրորդ տեղը: Բոլորը գիտեն, թե Հայաստանի հավաքականը որքան կարևոր է ինձ համար: Այս մրցանակը նշանակում է, որ լավ բան արել եմ: Ուրախ եմ, որ կարող եմ օգնել Հայաստանին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պիզելին։

Բրազիլացու ծնողներն առաջին անգամ Հայաստանում են: Պիզելին պատմել է, թե նրանք ինչպիսի տպավորություններ ունեն Երևանից.

«Վաղուց էի ցանկանում նրանց Հայաստանը ցույց տալ, բայց միայն հիմա ստացվեց: Շատ ուրախ եմ, որ նրանք տեսան Հայաստանը, Երևանը, որովհետև իմ կյանքում այս վայրերը կարևոր տեղ են գրավում: Այն ամենը, ինչ այստեղ արել եմ, նրանց այնտեղ օգնել է: Ծնողներիս շատ դուր եկավ Երևանը: Սա նրանց առաջին, բայց ոչ վերջին այցելությունն է»:

Հունական «Քսանտիում» հանդես եկող ֆուտբոլիստը խոսեց նաև իր մարզավիճակի մասին․

«Ինձ շատ լավ եմ զգում: Հունաստանում միշտ չէ, որ շատ խաղային պրակտիկա եմ ստանում, բայց արդեն 32 տարեկան եմ և դա նորմալ է: Գիտեմ, որ հավաքականում ելույթի համար պետք է բարձր մակարդակում հանդես գամ: Եթե մարզիչը որոշի, որ ես պետք է խաղամ, ուրեմն պատրաստ կլինեմ»:

Մարկոսը նախկինում հանդես է եկել Ղազախստանում, բայց կարծում է, որ մրցակցի մասին նոր բան չի կարող ասել:

«Մեր ժամանակներում մրցակցի մասին ամեն ինչ կարելի է իմանալ: Մեր մարզիչը նրանց շատ հանդիպումներ է դիտել: Նրանց մասին շատ տեղեկություններ ունենք, այնպես ինչպես նրանք` մեր: Մենք պետք է փորձենք մեր ֆուտբոլը խաղալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում