Արթուր Պետրոսյան. Մխիթարյանը պետք է խաղ կազմակերպող լինի

«Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստան – Ղազախստան առաջիկա հանդիպմանը:

Արթուր Պետրոսյանին առաջին հարցը տվեց ղազախ լրագրողը, ով խնդրեց խաղից առաջ գնահատել կողմերի ուժերը և կիսվել իր ակնկալիքներով․

«Ղազախստանը լավ թիմ ունի, այդ պատճառով լարված ու անզիջում հանդիպում եմ սպասում: Հավասար թիմեր են և որևէ կապ չունի, որ խմբում հետնապահներ ենք»:

45-ամյա մասնագետին հարց տրվեց, թե արդյոք նա կարողացել է դիտել Ղազախստանի վերջին ընկերական հանդիպումը, որում այդ թիմը 1:3 հաշվով պարտվել է Կիպրոսին:

«Ամեն ինչ արվել էր, որ մենք այդ խաղը չդիտեինք, սակայն կարողացանք գտնել տեսագրությունը: Անհրաժեշտ եզրակացություններ արեցինք»:


 
Հայաստանի հավաքականի աջ պաշտպանի դիրքում լուրջ մրցակցություն կա Հովհաննես Համբարձումյանի ու Կամո Հովհաննիսյանի միջև: Հարց հնչեց, թե արդոք արդեն որոշվել է նրանցից ով է խաղալու․

«Համբարձումյանը փոքր վնասվածք է ստացել: Վաղը որոշում կկայացվի նրա` խաղադաշտ դուրս գալու վերաբերյալ: Կամո Հովհաննիսյանն աջ պաշտպանից բացի նաև կարող է կիսապաշտպանի դիրքում հանդես գալ»:

Դավիթ Մանոյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպմանը: Հայաստանի ընտրանու մարզիչն ասաց, թե ինչպես է փոխարինելու Կիպրոսում հանդես եկող ֆուտբոլիստին․

«Մանոյանը վերջին հանդիպումներում լավ մարզավիճակ էր հավաքել: Շատ ափսոս, որ չի կարողանա մասնակցել հանդիպմանը: Ամեն դեպքում կարծում եմ կկարողանանք նրան փոխարինելու շուրջ ճիշտ որոշում կայացնել»:

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն ասել էր, որ թեթև վնասվածքի պատճառով է բաց թողել «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին հանդիպումը, չնայած նրան, որ պահեստայինների թվում էր: Պետրոսյանին հարց տրվեց ազգային ընտրանու ավագի ֆունկցիոնալ պատրաստվածության մասին․

«Հենրիխը լավ մարզավիճակում է, պատրաստ է հանդիպմանը»:

Գյումրեցի մասնագետին խնդրեցին մրցակցի մասին մեկ անգամ ևս կարծիք հայտնել, բայց ավելի մանրամասն․

«Ղազախստանի ընտրանին պայքարող թիմ է, ֆիզիկապես շատ ուժեղ: Ամբողջ մրցավեճի ընթացքում նրանք փորձում են պրեսինգի դիմել: Դա նրանց առավելությունների մասին: Թույլ տեղերից նույնպես տեղյակ ենք, որոնց մասին ճիշտ կլինի խոսել հանդիպումից հետո»:

Մոնտենեգրոյի հետ նախորդ հանդիպումից առաջ Պետրոսյանը խոսում էր դրական արդյունքի հասնելու անհրաժեշտության մասին: Ղազախների դեմ վաղվա խաղի շուրջ նրա նպատակները չեն փոխվել․

«Ամեն ինչ անելու ենք հաղթանակի հասնելու համար»:

Հայաստանի ներկայիս հավաքականում ամենաթույլ օղակներից մեկը համարվում է կենտրոնական հարձակվողի դիրքը: Այդ խնդրի լուծման շուրջ Պետրոսյանն ասաց.

«Մենք փորձելու ենք անպայման հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Դրա համար անհրաժեշտ տակտիկական փոփոխություններ ենք կատարել»:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին հանդիպումներում եզրային հարձակվողի դիրքում էր հանդես գալիս: 45-ամյա մասնագետին հարց տրվեց, թե արդյո՞ք նրա համար լավագույն դիրքն ընտրված է:

«Հենրիխը նաև ձախ պաշտպանի դիրքում է խաղացել: Կարծում եմ` դարպասապահից բացի մյուս բոլոր դիրքերում նա կարող է հաջողությամբ խաղալ: Մխիթարյանը պետք է խաղ կազմակերպող լինի»:

Սարգիս Ադամյանն ընթացիկ մրցաշրջանում արդյունավետ խաղ է ցուցադրում գերմանական «Շտայնբախի» կազմում: Այնուամենայնիվ, Պետրոսյանը չի պատրաստվում նրան հավաքական հրավիրել, քանի դեռ նա ավելի բարձրակարգ լիգայում չհայտնվի:

«Սարգիսը խաղում է Գերմանիայի չորրորդ դիվիզիոնում: Նրան հրավիրելը չենք բացառում, եթե նա ավելի բարձրակարգ մրցաշարում հանդես գա: Եթե Սարգիսը լավ ֆուտբոլիստ է, ուրեմն նրան կհրավիրեն ավելի ուժեղ լիգա»:

Հայաստանի հավաքականում Արաս Օզբիլիսը նախկինում կարևոր դերակատարում ուներ: Հարց տրվեց, թե նա այժմ որքանով է պատրաստ իր նախկին ֆուտբոլը ցուցադրելուն.

«Արազը վերջին շաբաթների ընթացքում մեկ ընկերական խաղի է մասնակցել և երկու հանդիպում երիտասարդական թիմում: Արազն այնպիսի ֆուտբոլիստ է, ով խաղից խաղ է ավելացնում: Նա ֆունկցիոնալ վիճակը բարելավելու տեղ ունի»:

Հավաքականի նախորդ խաղում Հայաստանի առաջնությունից 11 ֆուտբոլիստ էր հրավիրվել, այժմ՝ միայն 6-ը: Պետրոսյանը հայտնեց նման տարբերության պատճառը․

«Առաջնությունում դեռ երեք տուր է կայացել և տեղացի ֆուտբոլիստները բավարար մարզավիճակ չեն հավաքել: Թեկնածուներ կան, բայց ժամանակ կպահանջվի, որ նրանք անհրաժեշտ մարզավիճակ ունենան»:

Հրայր Մկոյանը վնասվածքի պատճառով երկար ժամանակ (մոտ երկու ամիս) բացակայել է: Նրա պատրաստվածության մասին մարզիչն ասաց.

«Հրայրն ընդամենը երկու շաբաթ է մարզվել: Նա դեռ ամբողջությամբ պատրաստ չէ»:

«Ռոստովում» հանդես եկող Խորեն Բայրամյանը մասնակցում է ռուսական թիմի վերջին խաղերին, այդ թվում նա մեկնարկային կազմում էր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպա լիգայի պատասխան մրցավեճում: Հավաքականի մարզչին հարց տրվեց, թե արդյոք Բայրամյանին հրավիրելու աշխատանքներ կատարվել են:

«Մոնտենեգրոյի հետ խաղից հետո զրուցել եմ Խորենի հետ: Նա հավաքականին միանալու լուրջ հետաքրքրություն ցուցաբերեց: Պայմանավորվածություն կար, որ ես անձամբ պետք է մեկնեմ Ռոստով և այնտեղ ավելի մանրամասն քննարկենք նրա հրավերքը: Ցավոք, ինչ-ինչ պատճառներով, որոնք մեր մեղքով չէին, այդ հանդիպումը չկայացավ: Այս պահի դրությամբ կարող եմ միայն ասել, որ շարունակում ենք հետևել նրա խաղին»:

Հայաստանի հավաքականի ստանդարտ իրավիճակների իրացման մի քանի բարձրակարգ վարպետներ ունի: Օրինակ` Գևորգ Ղազարյանը «Մարտիմուի» կազմում արդեն մի քանի անգամ անկյունայինի խաղարկումներից գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Sport.Times.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ստանդարտների իրացման դերաբաշխումը կատարվել է․

«Այո, մենք ստանդարտներ լավ իրացնող 3-4 խաղացողներ ունենք: Նրանց միջև իրացնողը կորոշվի ըստ իրավիճակի»:

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում