ԱԱ-2018․ Մխիթարյանի և Օզբիլիսի գոլերի շնորհիվ Հայաստանը հաղթեց Ղազախստանին (տեսանյութ)

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի՝ Հայաստան-Ղազախստան հանդիպումը:

Խաղը բացասական սկիզբ ունեցավ մեր ընտրանու համար: Առաջին իսկ գրոհի ժամանակ Գևորգ Ղազարյանը բախվեց հյուրերի դարպասապահ Դավիդ Լորիայի հետ և ծանր վնասվածք ստացավ: Հայաստանի ընտրանու «10» համարը չկարողացավ նույնիսկ ոտքի կանգնել, և նրան պատգարակի վրա դուրս բերեցին խաղադաշտից: Ղազարյանին փոխարինեց Տիգրան Բարսեղյանը:

Ամբողջ առաջին կեսում հիմնական իրադարձություններն ընթանում էին հյուրերի կիսադաշտում և դաշտի կենտրոնում: Արսեն Բեգլարյանի դարպասին հյուրերը հազվադեպ էին մոտենում: Փոխարինումից մի քանի րոպե էր անցել, երբ Արթուր Սարկիսովը կարող էր փոխանցում կատարել հիանալի դիրքում գտնվող Բարսեղյանին, բայց անտեսեց նրան, անհատակ անցում ձեռնարկեց, ինչը սխալ որոշում դուրս եկավ։

Մինչև 25-րդ րոպե Արթուր Պետրոսյանի սաները երկու անգամ նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք ստացան, բայց Մարկոս Պիզելիի ու Հենրիխ Մխիթարյանի հարվածներից հետո գնդակը դիպավ «պատ» կազմած ֆուտբոլիստներին: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականի գրոհներն ավելի սուր դարձան: Դրվագներից մեկում Պիզելին 11-մետրանոց նշակետի մոտից հարված կատարեց, որը պաշտպանից անդրադարձավ դեպի անկյունային: Ամենավտանգավոր պահն արձանագրվեց 36-րդ րոպեին, երբ Մարկոսի կրկնկով փայլուն փոխանցումից հետո Մխիթարյանը հիանալի դիրք դուրս եկավ, դարպասապահի համար անորսալի հարված կատարեց, սակայն Ղազախստանի հավաքականին գոլից փրկեց դարպասաձողը։ 43-րդ րոպեին Մխիթարյանը հարված կատարեց նաև մոտ 20 մետրից. բարձր էր:

Արդյունքում, հավաքականներն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում

Երկրորդ կեսի սկզբնամասում Հայաստանի ընտրանին կորցրել էր նախկին տեմպը և հյուրերին թույլ տվեց խաղը տեղափոխել դաշտի կենտրոն: Դրվագներից մեկում հյուրերի ֆուտբոլիստը շրջանցեց Անդոնյանին և անչափ վտանգավոր փոխանցում կատարեց դեպի դարպասային հրապարակ․ պաշտպանները դժվարությամբ շտկեցին իրավիճակը։

Մրցավեճի ընթացքն ամբողջությամբ փոխվեց, երբ 63-րդ րոպեին Մխիթարյանը ձախ եզրում շրջանցեց մրցակցի պաշտպան Սերգեյ Մալիին, իսկ վերջինս խախտեց կանոնները: Մակեդոնացի մրցավար Ալեքսանդր Ստավրևը երկրորդ դեղին քարտը ցույց տվեց Մալիին և հեռացրեց խաղադաշտից:

Արթուր Պետրոսյանն անմիջապես թարմացրեց հարձակման գիծը` Մարկոսի ու Սարկիսովի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Էդգար Մանուչարյանին ու Արազ Օզբիլիսն: 

73-րդ րոպեին Հայաստանի հավաքականը վերջապես բացեց խաղի հաշիվը: Մանուչարյանն անակնկալ փոխանցում կատարեց պաշտպանողական գծերի միջով, գնդակը հայտնվեց Մխիթարյանի մոտ, ով այն հարմարացրեց ձախ ոտքին և գրավեց դարպասի հեռավոր անկյունը: Ընդամենը երկու րոպե անց Կամո Հովհաննիսյանի` աջ եզրից կատարած փոխանցումից հետո Օզբիլիսն ընթացքից կատարած հարվածով գնդակը մխրճեց Լորիայի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը: 

Հանդիպման հետագա ընթացքում հյուրերը չկարողացան սրել խաղը, իսկ հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին։

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականն ունի 6 միավոր և զբաղեցնում է E խմբի մրցաշարային աղյուսակի դեռևս 4-րդ հորիզոնականը, իսկ Ղազախստանը 2 միավորով եզրափակում է աղյուսակը։

ԱԱ-2018, ընտրական փուլ, 5-րդ տուր
E խումբ

Հայաստան – Ղազախստան՝ 2։0
Գոլերը՝ Մխիթարյան 73՛, Օզբիլիս 75՛
Հեռացում՝ Մալի 64՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում