Արթուր Պետրոսյան. Կարմիր քարտը ճիշտ ժամանակին եղավ

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան հանդիպումից (2:0) հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

-Գևորգ Ղազարանի առողջական վիճակից տեղեկություն ունե՞ք:

-Գևորգը հիվանդանոցում է, բուժզննում է անցնում: Հուսով եմ՝ նրա հետ լուրջ բան չի պատահել: Նա՝ որպես մարդ և ֆուտբոլիստ, անհրաժեշտ է մեզ: Այսօրվա խաղում դա մեր համար ամենացավալի պահն էր: Բոլորս մտքերով Գևորգի հետ ենք:

-Ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր խաղը:

-Առաջին կեսում ավելի լավ խաղացինք: Պրեսինգի էինք դիմում, չէինք թողնում, որ իրենց կիսադաշտից դուրս գային: Մի փոքր չէր բավարարում հանգստությունը: Երկրորդ կեսում խաղի թելը կորցրեցինք: Կարմիր քարտը ճիշտ ժամանակին եղավ: Դրանից հետո վերգտանք մեր խաղը:

-Հարձակման գծում սպասված սրությունը չկար: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

-Իմ կարծիքով շատ պահեր ստեղծեցինք, սրությունը կար, պարզապես վերջին հարվածը չէր ստացվում: Բաց տեղեր ունենք, չենք կարող բոլորն անմիջապես ուղղել:

-Ընդգծված հարձակվող չունեք, բայց հարձակվողական ֆուտբոլ ցուցադրեցիք: Մյուս մրցակիցների հետ նո՞ւյն ոճով եք խաղալու, թե՞ միայն հետնապահի հետ էր այդպես:

-Համարձակությունը գործի կեսն է: Մոնտենեգրոյի դեմ հանդիպումից հետո պարտավոր էինք հարձակվողական ոճով խաղալ: Ընգդծված հարձակվող ունեինք՝ Արթուր Սարկիսովն էր: Նրան օգնում էին մյուս հարձակվողական ոճի ֆուտբոլիստները: Ավելի հեշտ կլիներ, եթե առաջին կեսում մեր պահերն իրացնեինք: Ավելի կարևոր է այն, որ մոտ չորս տարի անց սեփական դարպասն անառիկ պահեցինք: Դա նույնպես կարևոր է:

-Մխիթարյանը խաղում էր բոլոր դարպասից դարպաս (box to box): Հարձակման գծում նրա խաղը ստացվեց: Պաշտպանությունում այն հաջողվե՞ց կարգավորել:

-Ինչպես տեսաք 4-1-4-1 տակիտիկայով էինք խաղում, որպեսզի Հենրիխն ու Մարկոսն ավելի շատ կենտրոնանան առջևի գծի գործողություններին: Սարկիսովը շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց և վերջում նրան փոխարինեցինք, որովհետև շատ էր հոգնել: Գոհ եմ նրա խաղից:

-Հանդիպման ընթացքում ի՞նչ սխալներ կային, որոնք հետագայում ուղղման կարիք ունեն:

-Ինչ-որ տեղ պաշտպանությունում դիրքային սխալներ թույլ տվեցինք: Մրցակցի դարպասի մոտ պետք էր ավելի սառնասիրտ գործել:

-Չե՞ք կարծում, որ խաղակցվածությունը բարելավման կարիք ունի և դրան կօգնեն ընկերական խաղերը:

-Անշուշտ, բայց մենք Ղազախստանի հավաքականը չենք․ նրանք բոլորն իրենց առաջնությունում են հանդես գալիս: Նրանք իրենց կարող են թույլ տալ չորեքշաբթի հանդիպում անցկացնել, իսկ մեր խաղացողները երկուշաբթի, երեքշաբթի և նույնիսկ չորեքշաբթի են միացել թիմին: Չէի ցանկանա, որ նրանք առանց վերականգնվելու խաղային: Դա նաև վնասվածքների էր հանգեցնել։

-Ընդմիջմանն ի՞նչ ասացիք ձեր խաղացողներին:

-Ասացի, որ նույն տեմպով խաղան, պրեսինգի դիմեն: Առաջին կեսի պես խաղան:

-Հայաստանի հավաքականը Մոնտենեգրոյի հետ հանդիպումից առաջ ընկերական մրցավեճ է անցկացնելու Սենթ և Նևիսի ընտրանու հետ: Արդյո՞ք ավելի հարմար մրցակից հնարավոր չէր ընտրել:

-Շատ ենք փորձել այլ թիմերի հետ պայմանավորվել: Հյուսիսային Իռլանդիան նախնական համաձայնություն էր տվել, բայց հետո հրաժարվեց: Նույնը նաև Նոր Զելանդիան, որը պետք է այդ ժամանակ նախապատրաստվի Կոնֆեդերացիանների գավաթին: Ազգային առաջնությունները մայիսի 21-22-ին ավարտվում են: Մեզ այդ խաղը հարկավոր է, որ ֆուտբոլիստները հունի մեջ մնան:

-Արազ Օզբիլիսի խաղն ինչպե՞ս եք գնահատում:

-Նա 100%-ով պատրաստ չէր: Մենք ծրագրել էինք Արազին փոխարինման դուրս բերել, որ թարմ ուժերով լինի: Մեր բոլոր փոխարինումներն էլ լավ մտան խաղի մեջ:

-Գևորգ Ղազարյանի փոխարինումը որքանո՞վ խառնեց ձեր ծրագրերը: Տիգրան Բարսեղյանին հաջողվե՞ց ձեր գաղափարներն իրագործել:

-Այն ամենը, ինչ ծրագրել էինք, մտածել էինք, կարծես մի պահ փուլ եկավ: Բարեբախտաբար, Տիգրանը խաղի մեջ շատ լավ մտավ: Բացառությամբ վերջին րոպեների, երբ հոգնած էր, շատ լավ ֆուտբոլ ցուցադրեց: Նա դեռ երիտասարդ է. փորձ հավաքելուց հետո ավելի լավ կխաղա:

-0:0 հաշվի ժամանակ, երբ Ղազախստանը մնացել էր 10 ֆուտբոլիստներով, դուք հարձակվող Սարկիսովին փոխարինեցիք Օզբիլիսով: Ավելի նպատակահարմա՞ր չէր Արազին խաղադաշտ դուրս բերել պաշտպանի փոխարեն:

-Մենք Բարսեղյանին տեղափոխեցինք հարձակման կենտրոն: Նրա հետ էին նաև Մանուչարյանը, Մխիթարյանը, Օզբիլիսը, և նրանց օգնում էր Կամո Հովհաննիսյանը: Ճիշտ է՝ մրցակիցը մնացել էր քիչ ֆուտբոլիստներով, սակայն հաշիվը հավասար էր, և չեմ կարծում, թե ճիշտ կլիներ հարձակվողական ոճի 6-7 խաղացողով մնալ:

Sport.Times.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում