Էդգար Մանուչարյան․ Խաղի միակ բացասական դրվագը Գևորգ Ղազարյանի վնասվածքն է

Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրի՝ Հայաստան-Ղազախստան խաղից հետո (2:0) Էդգար Մանուչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունը տվեց։

«Առաջին խաղակեսում մեզ համար խնդիրներ ստեղծեցինք՝ չօգտագործելով հարմար պահերը։ Խաղի միակ բացասական դրվագը Գևորգ Ղազարյանի վնասվածքն է։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, և նա շուտով կվերադառնա խաղադաշտ»,- ասաց Մանուչարյանը։

Երկրորդ խաղակեսում Ղազախստանի հավաքականը մնաց 10 հոգով։ Ըստ Էդգար Մանուչարյանի, այդ դրվագը որոշակի ազդեցություն ունեցավ մրցավեճի վրա, բայց չէր կարող ամբողջովին փոխել խաղի ընթացքը․

«Եթե մենք չխաղայինք, ոչինչ չէր փոխվի։ Ուղղակի դրանից հետո սկսեցինք ավելի հարձակվողական ֆուտբոլ խաղալ, ինչը դժվարացրեց մրցակցի գործն ու ճեղքեր առաջացրեց՝ թույլ տալով մեզ օգտագործել դրանք։ Հիմա բոլորը հաղթանակած կգնան իրենց թիմեր։ Դա ինչ-որ նոր լիցք կհաղորդի ֆուտբոլիստներին»։

Էդգար Մանուչարյանի համար սա Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ առաջին հանդիպումն էր։ Ֆուտբոլիստը շեշտեց, որ թիմը սկսել է ավելի հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել․

«Ինձ թվում է՝ բոլոր թիմերը սիրում են հարձակվողական ֆուտբոլ խաղալ։ Արթուր Պետրոսյանը տակտիկական որոշակի փոփոխություններ է կատարել, բայց դրանք թող ներքին խոհանոցում մնան»,- ժպտալով ասաց Էդգարը։

9 տարի առաջ հենց այս օրը, Հոլանդիայում Էդգար Մանուչարյանը Ղազախստանի հետ ընկերական խաղում գոլի հեղինակ է դարձել։ Ֆուտբոլիստը նշեց, որ այդ հանգամանքը հավելյալ խթան չի հանդիսացել այսօրվա հանդիպման համար․

«Ես բոլոր խաղերին նույն կերպ եմ պատրաստվում, չկան առանձնահատուկ խաղեր»,- խոսքը եզրափակեց Մանուչարյանը։

Sport.Times.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում