Բորոդյուկ. Մրցավարը թույլ չտվեց պայքար մղել, առանց որի ֆուտբոլը բալետի է վերածվում

Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկն Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի ընտրանու դեմ մրցավեճից (0:2) հետո պատասխանեց լրագրողների հարցերին

-Մինչև կարմիր քարտը, մեր խաղացողները խաղային ծրագիրը կատարում էին: Ընդմիջումից հետո կարողացանք հավասարացնել խաղը, վերահսկում էինք գնդակը, սակայն հեռացումն ազդեց հանդիպման վրա: Եթե դիտում եք աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները, ուրեմն տեսել եք, որ ֆուտբոլը պայքար է: Չեմ հասկանում՝ ինչու մրցավարը երկրորդ դեղին քարտը ցույց տվեց: Այդտեղ հասարակ պայքար էր: Նա կարող էր թույլ տալ հավասար կազմերով ավարտել հանդիպումը: Այդ դեպքում ֆուտբոլն ավելի հետաքրքիր կլիներ: Իմ սաներից դժգոհելու տեղ չունեմ, նրանք պայքարում էին,- հետխաղյա ասուլիսը նման մեկնաբանությամբ սկսեց Բորոդյուկը։

-Ձեր կարծիքով Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու թեկնածո՞ւ է:

-Ավելի ճիշտ կլինի, որ այդ հարցին Ձեր թիմի մարզիչը պատասխանի: Մաղթում եմ, որ Հայաստանի հավաքականը շարունակի եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարը:

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ընտրանու և Հենրիխ Մխիթարյանի խաղը:

-Ձեր թիմի գնահատականը լավ կլինի, որ Արթուր Պետրոսյանը տա: Մխիթարյանն իսկապես շատ լավ ֆուտբոլիստ է: Նա ակումբային մակարդակում ևս հաստատում է իր վարպետությունը: Այսօրվա խաղը հետաքրքիր էր երկրպագուների համար, որովհետև պայքար կար: Կարմիր քարտն ազդեց նաև այն տեսանկյունից, որ այդ պայքարը չշարունակվեց: Եթե պայքարը չլինի, հետաքրքրությունը կկորի և այն բալետի կվերածվի: Ֆուտբոլը պետք է ֆուտբոլ մնա: Առաջին կեսում Հայաստանի հավաքականն առավելություն ուներ:

-Ձեր թիմի կենտրոնական պաշտպանը կարմիր քարտ ստացավ, սակայն Դուք փոփոխություն չկատարեցիք: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Մեր եզրային պաշտպանին անմիջապես տեղափոխեցինք կենտրոն, իսկ աջ կիսապաշտպանը նահանջեց պաշտպանի դիրք: Մենք ցանկանում էինք այդկերպ շարունակել խաղը, սակայն գոլերից հետո շեշտը դրեցինք հարձակման վրա, որ «չոր» հաշվով չպարտվենք: Երկու պահ ունեինք, բայց, ցավոք, դրանք չիրացրեցինք:

-Հաճախ Դուք նշում եք, որ ղազախ ֆուտբոլիստներին վստահություն է պետք: Ինչպե՞ս եք պատրաստվում դա հաղորդել Ձեր սաներին:

-Հարկավոր է յուրաքանչյուր պարտությունից ճիշտ հետևություններ անել: Վստահույթունը կգա, երբ թիմը սկսի հաղթել: Հարկավոր է Դանիայի հետ առաջիկա տնային խաղում հաղթել: Ակումբների կազմում եվրագավաթներում հանդես գալու դեպքում նույնպես վստահությունը կավելանա: Հիմա մենք աշխատելու ենք հոգենբանության վրա:

-Արտագնա մրցավեճերում պարտվել եք բոլոր երեք հանդիպումները: Տակտիկական տեսանկյունից փոփոխություններ կատարելո՞ւ եք:

-Այո, փոխելու ենք տակտիկան: Խոսքը հատկապես տնային հանդիպումների մասին է: Ես դեռ մեկ շաբաթ եմ աշխատում թիմի հետ: Հավանաբար սկսելու ենք ավելի հարձակվողական ոճով գործել:

-Նշեցիք, որ ընդմիջումից հետո կարողացաք փոխել խաղի ընթացքը: Ինչի՞ շնորհիվ դա հաջողվեց:

-Դաշտի կենտրոնում փորձեցինք ավելի քիչ կորցնել գնդակը: Նաև մեր ենթահարձակվողին առաջ տեղափոխեցինք, որ նա գոտիների միջև գնդակ ստանա: Ճիշտ դասավորության շնորհիվ կարողացանք հավասարացնել հանդիպման ընթացքը: Ցավոք, կարմիր քարտից հետո ամեն ինչ քանդվեց:

Sport.Times.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում