Հենրիխ Մխիթարյան․ Միշտ չեմ կարող հավաքականին իմ հետևից տանել

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Ղազախստանի հետ հանդիպումից հետո (2:0) պատասխանեց լրագրողների հարցերին։

-Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ։ Երկրորդ անընդմեջ հաղթանակն եք տոնում։ Ի՞նչ կասեք խաղի մասին։

-Կարող եմ ասել, որ առաջին խաղակեսում վատ հանդես չեկանք, ուղղակի չօգտագործեցինք գոլային պահերը, իսկ երկրորդ կեսում հակառակը ստացվեց։ Խաղը մեր ձեռքում էր, կարողացանք հաղթանակ տանել։

-Երկրպագուների մասին ի՞նչ կարող ես ասել։

-Միշտ էլ հաճելի է տեսնել լեփ-լեցուն մարզադաշտ։ Հաճելի կլինի տեսնել էլ ավելի շատ մարզասերներ, քանի որ մենք խաղում ենք նրանց համար։

– Ինչքանո՞վ Գևորգ Ղազարյանի վնասվածքը փոխեց հավաքականի ծրագրերը։

-Չեմ կարող ասել, որ փոխեց։ Նրան փոխարինած Տիգրան Բարսեղյանը վատ հանդես չեկավ, շատ ակտիվ էր։ Ամենակարևորը՝ Գևորգ Ղազարյանին ցանկանում եմ առողջություն։

-Ստիպեցիր մրցակցին (Սերգեյ Մալի) քո նկատմամբ խախտել կանոնները և կարմիր քարտ ստանալ, այնուհետև դարձար գոլի հեղինակ: Կարելի է ասել, որ գտնվում ես լավագույն մարզավիճակում։

-Ես երբեք իմ մարզավիճակին ու խաղին գնահատական չեմ տալիս։ Կարծում եմ՝ դա դուք պետք է անեք։ Ես փորձում եմ ամեն հնարավորն անել հավաքականին օգնելու համար․ լինում են դեպքեր, որ ստացվում է, լինում են դեպքեր՝ ոչ։ Ես միշտ չեմ կարող հավաքականին իմ հետևից տանել։ Պետք է տղաներն էլ կարողանան պատասխանատվություն վերցնել ու փոխարինել ինձ։

-Հենրիխ, միակ ֆուտբոլիստն ես, ով հավաքականի կազմում 20 գոլի հեղինակ է դարձել։

-Շատ ուրախ եմ, շատ հաճելի է գոլեր խփել հավաքականի կազմում։ Եթե չեմ սխալվում, պաշտոնական խաղերում վերջին անգամ գոլի հեղինակ էի դարձել Դանիայի հետ արտագնա խաղում, բայց այսօր ամենակարևորը հաղթանակն էր ու 3 միավոր վաստակելը։

-Ինչպես Չեռնոգորիայի հետ խաղում, այս խաղում նույնպես, մեր հավաքականը արդյունավետ սկսում է գործել երկրորդ կեսում։ Ըստ քեզ, ի՞նչն է պատճառը։

-Սա ֆուտբոլ է։ Ոչ մեկս չի պլանավորում, որ հենց երկրորդ կեսում պետք է սկսենք արդյունավետ գործել։ Կարևորը, որ մինչև վերջ հավատում ենք մեր ուժերին և փորձում ենք խաղալ այնպես, ինչպես մեզնից պահանջում է մարզիչը։

-Ինչպիսի՞ մթնոլորտ էր հանդերձարանում։

-Տղաներն ուրախ էին, բայց ո՛չ ճչում էին, ո՛չ գոռում, քանի որ իսկապես հոգնած էինք։ Այսօր խաղադաշտում ծանր աշխատանք կատարեցինք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։

Sport.Times.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում