Կամո Հովհաննիսյան. Մրցակցի կատարմամբ որևէ գոլային պահ չեմ հիշում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանն ամփոփել է Ղազախստանի ընտրանու դեմ Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղը (2:0):

24-ամյա ֆուտբոլիստը խաղաց աջ կիսապաշտանի դիրքում, ինչպես դա վերջին երկու տարում հիմնականում անում էր «Փյունիկում», իսկ ազգային հավաքականում Կամոյին սովոր ենք տեսնել եզրային պաշտպանի դիրքում: Նա այժմ արդեն «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ի ֆուտբոլիստ է, որտեղ նույնպես լավագույն դիրքի փնտրտուքի մեջ է:

«Բելառուսի առաջնությունը դեռ չի սկսվել, սակայն նախապատրաստական շրջանում գրեթե բոլոր դիրքերում խաղացել եմ, այդ թվում` ձախ պաշտպանի ու կիսապաշտպանի: Նման փորձից հետո հավաքականի կազմում խաղային դիրքի հետ կապված խնդիրներ չկային»,- լրագրողների հետ հետխաղյա զրույցում ասաց Կամո Հովհաննիսյանը։

Ղազախստանի դեմ մրցավեճի մասին Հովհաննիսյանն ասաց հետևյալը․

«Լավ հանդիպում ստացվեց: Ամբողջ խաղի ընթացքում տիրում էինք նախաձեռնությանը: Մրցակցի կատարմամբ որևէ գոլային պահ չեմ հիշում: Վերահսկում էինք խաղը և արժանի հաղթանակ տարանք»:

Մրցակցի ստացած կարմիր քարտի գործոնի մասին ֆուտբոլիստը նշեց.

«Չեմ կարող ասել՝ որքանով դա ազդեց, քանի որ մենք ամբողջ հանդիպման ընթացքում նույն կերպ էինք գործում. անընդհատ ճնշում էինք գործադրում մրցակցի դարպասին և պրեսինգի դիմում: Միգուցե, նրանք ժամանակից շուտ հոգնեցինք, բայց դա նրանց խնդիրներն են: Մեր նպատակը հաղթելն էր»:

Ընդմիջման ժամանակ հանդերձարանում Արթուր Պետրոսյանի ասված խոսքերից Հովհաննիսյանը հետևյալն առանձնացրեց.

«Մարզիչը ոգևորեց մեզ, ասաց շուտով գոլերը կլինեն: Նշեց, որ հարկավոր է համբերատար գրոհել ու ճնշում գործադրել: Այդ դեպքում հաղթանակն անպայման կգա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում