«Շարժա Մասթերս»․ Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Հանգստյան օրերին «Շարժա Մասթերս» մրցաշարում տեղի են ունեցել երրորդ և չորրորդ տուրերի պարտիաները:

Երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ տոնեց, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Էդուարդ Հակոբյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: «Շարժա Մասթերս»-ի չորրորդ տուրում Հայաստանի երեք պատվիրակներն էլ հաղթանակներ տոնեցին․ Վլադիմիր Հակոբյանը առավելության հասավ Սիրիան ներկայացնող Ալ-Հիշամ Յագշիի նկատմամբ, Գաբրիել Սարգսյանը` Դուանե Ռովեյի, իսկ պատանի Էդուարդ Հակոբյանն ուժեղ էր Հնդկաստանը ներկայացնող կանանց գրոսմայստեր Պադմինի Ռութից, ով վերջերս ավարտված աշխարհի կանանց առաջնության առաջին փուլում հաղթանակ էր տոնել Էլինա Դանիելյանի նկատմամբ:

Չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է 4 հնարավորից նույնքան միավոր վաստակած 5 շախմատիստ: Վլադիմիր Հակոբյանը 4 հնարավորից ունի 3.5 միավոր և ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում, Գաբրիել Սարգսյանը վաստակել է 3 միավոր, իսկ Էդուարդ Հակոբյանը` 2:

Հետևեք մեզ նաև Telegram-ում