ՖԻՖԱ-ն որակազրկել և տուգանել է Մեսսիին

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն հետաքննում է Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի՝ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Չիլիի դեմ հանդիպման (1:0) ժամանակ գլխավոր մրցավարի օգնականին վիրավորելու հանգամանքը։

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ կարգապահական կոմիտեն որոշել է որակազրկել և տուգանել արգենտինացի հարձակվողին։ Մրցավարի օգնականին վիրավորելու համար Մեսսին բաց է թողնելու ԱԱ-2018-ի ընտրական փուլի 4 հանդիպում և վճարելու է 10 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք։

Լիոնել Մեսսիի որակազրկումը սկսվելու է այսօր․ նա չի մասնակցելու Բոլիվիայի հետ հանդիպմանը, որը մեկնարկելու է Երևանի ժամանակով կեսգիշերին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում