1 տարի ՖԻՖԱ-ում․ Ինչպե՞ս է Ինֆանտինոն փոխում ֆուտբոլային աշխարհը

Աշխարհի ամենախոշոր կազմակերպություններից մեկի դրամատիկ ժամանակաշրջանն ավարտվեց անցյալ տարի, երբ այն գլխավորեց Ջանի Ինֆանտինոն: Այդ ժամանակվանից (ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները կայացել են 2016 թվականի փետրվարի 26-ին) ի վեր ՖԻՖԱ-ի մասին ավելի քիչ ենք լսում, բայց դա իր դրական կողմն ունի: Նախկին նախագահ Զեպ Բլատերի հեռանալուց և սկանդալային կոռուպցիայի մեջ ներգրավված կարևոր անձանց ձերբակալություններից հետո բարդ էր պատկերացնել, որ նոր ղեկավարը կարող էր հիմնանորոգում իրականացնել։

Մեկ տարին բավականին երկար ժամանակահատված է և արդեն կարելի է գնահատել այն մարդու աշխատանքը, ում մինչև նոր պաշտոնին նշանակվելը բոլորս ճանաչում էինք որպես վիճակահանություններ անցկացնող պարոնի։

Ի՞նչ է արվել

Ավելացրել է Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը

Կասկած չկա, որ մեկ տարվա ամենակարևոր որոշումը հենց սա է: Սկզբում Ինֆանտինոն առաջարկում էր եզրափակիչ փուլի մասնակիցների թիվն ավելացնել ու հասցնել մինչև 40-ի, բայց արդյունքում ավելին ստացվեց՝ 48: Նոր ձևաչափն ուժի մեջ կմտնի 2026-ից սկսած:

Եվրոպայում դժգոհ են, իսկ աշխարհի մյուս հատվածն ուրախ է, քանի որ ավելի հեշտ կլինի որոկավորման փուլից եզրափակիչ փուլ անցնելը: Քննադատների հիմնական դժգոհությունն այն է, որ այս քայլը կարող է բացասաբար անդրադառնալ ֆուտբոլի որակի վրա: Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք։

Ավելացրել է ՖԻՖԱ-ի անդամ-ասոցիացիաների ֆինանսավորումը

Ինչպես ասում են, փողը շատ չի լինում: Ինֆանտինոյի ներմուծած նոր կանոնների համաձայն, ՖԻՖԱ-ի 211 անդամներից յուրաքանչյուրը ֆուտբոլի զարգացման ծրագրի համար մինչև Մունդիալ-2018-ը 5.5 մլն դոլար կստանա: Նշենք, որ կազմակերպությունը 4 տարվա ցիկլով է աշխատում:

Նախկինում այդ միջոցները լայնորեն օգտագործվում էին կոռուպցիոն գործարքների մեջ: Հիմա հատուկ Կոմիտե է ստեղծվել, որն էլ պատասխանատու է ծրագրերի իրականացման համար, վերահսկում է կազմակերպության տրամադրած ֆինանսական միջոցները: Սա ուղղված է ՖԻՖԱ-ի գործունեության թափանցիկությանը:Դեռևս սկանդալներ չեն ծագել։

Սկսել են լսել ֆուտբոլիստներին

Գուցե սա ավելի շատ PR քայլ է, բայց Ջանի Ինֆանտինոն կարողացել է իր շուրջը հավաքել նախկինում խաղադաշտում փայլող մի շարք աստղերի ու այդպիսով ամրապնդել է դիրքերը: ՖԻՖԱ-ի լեգենդների թիմում են միլիոնավոր երկրպագուների կուռքեր՝ Ռոբերտո Կառլոսը, Կառլես Պույոլը, Մարսել Դեսային, Կաֆուն և ուրիշներ: Նրանք ֆուտբոլի զարգացման առանցքային հարցերի շուրջ խորհրդատվություն են անցկացնում:

Նախկինում հեշտ էր կազմակերպությանը քննադատել ֆուտբոլիստներին ձայն չտալու համար, իսկ հիմա դա անցյալում է: Նույնիսկ Դիեգո Մարադոնան, ով Բլատերի ու ՖԻՖԱ-ի ամենավառ քննադատներից էր, հիմա կազմակերպության դեսպան է, իսկ մեկ այլ լեգենդ՝ Մարկո վան Բաստենը գլխավորում է տեխնիկական զարգացման վարչությունը:

Նոր պետքարտուղար և այլ պաշտոնյաներ

Նախկին ղեկավարի նկատմամբ անվստահությունից ազատվելու համար հարկավոր էր վերնախավի ամբողջական փոփոխություն: Սենեգալցի Ֆատմա Սամոուրան ոչ միայն ՖԻՖԱ-ի պատմության առաջին կին պետքարտուղարը դարձավ, այլև նա այդ պաշտոնում առաջինն է, որ եվրոպական երկրներից չէ: Որպեսզի Սամոուրան արագ հարմարվեր նոր պաշտոնին, օգնության հասավ Մարկո Վիլլիգերը, ով պատասխանատու է ՖԻՖԱ-ի կոմերցիոն և ադմինիստրատիվ գործունեության համար, իսկ ֆուտբոլային հարցերն իր ուսերին է վերցրել Զվոնիմիր Բոբանը:

Կարդացեք նաև՝

Ի՞նչ է պետք անել

Աշխարհի 2018 և 2022 առաջնություններն ընդունող երկրների ընտրությունների մասին զեկույց հրապարակել ու ներքին կոռուպցիոն հետազոտություն իրականացնել։

Փոփոխությունների դրական ֆոնի վրա, կարծես թե, մոռացվել է, որ դատախազ Մայքլ Գարսիայի Աշխարհի հաջորդ երկու առաջնություններն ընդունող երկրների մասին զեկույցն այդպես էլ չի հրապարկվել։ Առավելագույնը, որ ներկայացվեց, 42 էջանոց ցանկ էր, որ Գարսիայի հեռանալուց հետո դժգոհությունների մեծ առիթ տվեց: Ինֆանտինոն փորձեց հեռու մնալ այս հարցից նույնիսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ, քանի որ որոշ մարդկանց կարող էր թվալ, թե ՖԻՖԱ-ն թաքցնելու բան ունի:

Երկրորդ զեկույցը, որ աշխարհը մինչև հիմա չի տեսել, ներքին հետաքննություն է՝ կազմակերպության և իրավաբանական ընկերության կողմից իրականացված: Քանի դեռ այն հրապարակված չէ, գուցե մարդիկ կլինեն, որ կցանկանան ՖԻՖԱ-ին քննադատել կոռուպցիայի բացահայտման փաստերը թաքցնելու մեջ:

Ազգային բոլոր ֆեդերացիաներին ստիպել ստացած միջոցների տնօրինման մասին հաշվետվություն հրապարակել։

Սա թափանցիկության ապահովման քաղաքականության ուղիղ շարունակությունն է: Չնայած կազմակերպության դրական տեղաշարժին՝ ազգային ֆեդերացիաները չեն շտապում միանալ ու ավելի բաց աշխատել: Հաշվի առնելով ֆինանսական միջոցների ավելացումը՝ Ինֆանտինոն պետք է արագորեն կարգի բերի այս ոլորտը: Բացառված չէ, որ հարկ կլինի կոշտ քաղաքականություն վարել ու պատժել նրանց, ովքեր գումարի օգտագործման հարցում ավելի բաց աշխատել չցանկանան:

Ինչպես հարկն է, ստուգել ֆուտբոլային գործիչներին

Բարձր պաշտոններ զբաղեցնել ցանկացողների համար ՖԻՖԱ-ն նոր չափանիշներ է սահմանել: Հիմա դատվածության, հանցագործությունների ու պոտենցիալ կոնֆլիկտների մասին տեղեկատվության լիարժեք բացահայտում է իրականացվելու: Այս պահի դրությամբ կոռուպցիայի կամ դրա հետ սերտ կապեր ունեցող բոլոր պաշտոնյաներին փոխարինել դեռ չի հաջողվել:

Կարգի բերել հեռուստատեսային վաճառքի իրավունքներին վերաբերող հարցերը

Մեծագույն կոռուպցիան իրականացվում է հեռուստատեսային իրավունքների ոլորտում: Դրանք հաճախ իրականացվում են երրորդ անձի միջնորդությամբ, որոնք վերավաճառքից հսկայական շահույթ են ստանում: Առանց նրանց անհնար է, բայց անհրաժեշտ է ավելի թափանցիկ վերահսկողություն իրականացնել: Օրինակ՝ Կոստա-Ռիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Էդուարդո Լին խոստովանել է, որ մեղավոր է հեռուստատեսային վաճառքի ու մարքեթինգային իրավունքների ոլորտում կաշառք վերցնելու համար: Քանի դեռ նման մարդիկ ստվերում են, միլիոնները կգնան չգիտես՝ ում գրպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում