«Կպահանջվի առնվազն 6 ամիս». Գևորգ Ղազարյանը վիրահատվել է

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Ղազախստանի հետ հանդիպման մեկնարկում և փոխարինվել էր: Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Գևորգ Ղազարյանը պետք է բուժզննում անցներ Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում: Այսօր առավոտյան ՀՖՖ պաշտոնական կայքը կապ է հաստատել Գևորգ Ղազարյանի հետ, ով հետևյալն է ասել.

«Ինչպես և սպասվում էր, բուժզննումը ցույց տվեց, որ վիրահատության կարիք կա: Երեկ վիրահատվեցի: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ անցավ: Բարեբախտաբար, մենիսկիս հետ ամեն ինչ նորմալ է, կողային կապանը ևս վիրահատության կարիք չուներ: Վիրահատել են միայն խաչաձև կապանս, որը վնասվել էր առջևից և ետևից:

Նախնական տվյալներով վերականգնմանս համար կպահանջվի առնվազն 6 ամիս՝ կախված վերականգնման ընթացքից: Անկախ տեղի ունեցածից հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, և, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային իմ՝ Գերմանիա մեկնելու և վիրահատվելու գործընթացն արագ կազմակերպելու համար:

Շնորհակալ եմ նաև իմ խաղընկերներին և հատկապես երկրպագուներին, որոնցից ստանում եմ քաջալերանքի բազմաթիվ խոսքեր և որոնց աջակցությունը զգացել եմ առաջին իսկ րոպեից մինչև հիմա»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում