«Ռեալ». Պիկեին տրված մեր լավագույն պատասխանը կլինի Էլ Կլասիկոյում

Մադրիդի «Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով պատասխանել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի խոսքերին:

Պիկեն «Արքայական ակումբին» քննադատել էր՝ հայտարարելով՝ «կապտանռնագույնների» հարձակվողներ Լիոնել Մեսսիի ու Նեյմարի դատական գործերով դատախազը նստած է լինում «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի VIP-սրահում:

«Մեր ակումբի կողմից Պիկեի խոսքերին լավագույն պատասխանը կլինի ապրիլի 23-ին կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակ: «Ռեալը» միշտ իր խոսքը խաղադաշտում է ասում»,- մադրիդցիների հայտարարությունն է մեջբերում «AS.com»-ը:

Նաև նշվում է, որ «Ռեալի» իրավաբանական բաժինը, հետազոտելով Պիկեի խոսքերը, որոշել է դատի չտալ նրան: Ամենից զատ, հետազոտվել է նաև 30-ամյա ֆուտբոլիստի կատակը, որը նա արել Ֆրանսիա – Իսպանիա ընկերական հանդիպումից (0:2) հետո:

Մասնավորապես, Ժերարը նշել էր, որ տեսակրկնության շնորհիվ մրցավարներն իսպանացիների խփած գոլը գրանցել ու ֆրանսիացիների հեղինակած գնդակը չեղյալ են հայտարարել, քանի որ «Ֆուրիա ռոխան» այդ օրը «Ռեալի» պես հանդես էր գալիս սպիտակ խաղաշապիկով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում