Հայաստանի առաջնությունում ևս մեկ առաջատար (տեսագրություն)

Հայաստանի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին «Ալաշկերտն» ու «Գանձասար-Կապանը»։

«Ալաշկերտ» մարզադաշտում (նախկին «Նաիրի») անցկացված հանդիպման հաշիվը բացվել է առաջին խաղակեսի նախավերջին րոպեին, երբ հյուրերի արագ հակագրոհի արդյունքում Լուբամբո Մուսոնդան հարվածային դիրք է դուրս բերել Գեղամ Հարությունյանին, ով Արսեն Բեգլարյանի դեմ միայնակ հայտնվելով՝ սառնասրտորեն գրավել է դարպասը:

63-րդ րոպեին Աբրահամ Խաշմանյանի թիմը պատասխան գնդակն է խփել: Արտակ Եդիգարյանի իրացրած ստանդարտից հետո աչքի է ընկել զարմանալիորեն առանց հսկողության մնացած կենտրոնական պաշտպան Դանիել Ստոյկովիչը: Սերբի հարվածից հետո անդրադարձ է եղել, որն ապակողմնորոշել է դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին:

Հաղթական է դարձել 71-րդ րոպեին կապանցիների հարձակվող Վալմերսոնի գոլը: Վերջինս տուգանային հրապարակի մատույցներում խաբքով շրջանցել է Դմիտրի Խովբոշային և ձախ ոտքի հարվածով գրավել է դարպասի հեռավոր անկյունը:

Այդ հաղթանակի շնորհվ Աշոտ Բարսեղյանի թիմը վաստակել է 39 միավոր ու հավասարվել առաջին տեղում ընթացող «Ալաշկերտին»: Նրանց կարող է շրջանցել «Շիրակը», որն ունի 37 միավոր և ապրիլի 1-ին մրցելու է «Փյունիկի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում