Կասիլյաս․ Լռել եմ հանուն «Ռեալի» և կրկես չսարքելու համար

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հերթական անգամ անդրադարձել է «Ռեալում» հանդես գալու շրջանում իր և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի լարված հարաբերություններին։

-Ես հասկանում եմ, որ եղել են մարդիկ, ովքեր մեծ կրքով ցանկացել են «զբաղվել» իմ և Մոուրինյուի հարաբերություններով։ Նման մարդկանց դուր էր գալիս սուլել ինձ։ Ես լռել եմ հանուն «Ռեալի» և կրկես չսարքելու համար։ Մենք Իսպանիայի գավաթի եզրափակչում չկարողացանք հաղթել «Ատլետիկոյին», սակայն ընդհանուր մրցաշրջանի ընթացքում ինձ այնպես էի պահել, որ ինչ-որ բանի կարողանայինք հասնել։ Հակառակ դեպքում այդ պատմությունը կվերածվեր կրկեսի երկու անձանց մասնակցությամբ, որոնց արագ կավելանային այլ մարդիկ,- Կասիլյասի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն «Ռեալում» աշխատել է 2010-2013 թվականների ընթացքում։ «Արքայական ակումբում» իր վերջին մրցաշրջանում պորտուգալացի մասնագետը լարված հարաբերությունների մեջ էր Իկեր Կասիլյասի հետ։ Վերջինս ձեռքի վնասվածքից ապաքինվելուց հետո կորցրեց տեղը մեկնարկային կազմում, իսկ Մոուրինյուն հայտարարեց, որ թիմում Կասիլյասից լավ դարպասապահներ կան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում