«Լիվերպուլը» հաղթեց դերբիում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրի մեկնարկային խաղում կայացել է մերսիսայդյան դերբին` «Լիվերպուլ» – «Էվերթոն» հանդիպումը: «Կարմիրները» հաղթել են 3:1 հաշվով:

Հաշիվը բացել է Սադյո Մանեն, ով աջ եզրից տեղափոխվել է դեպի տուգանային հրապարակի ձախ կողմը և դիպուկ հարվածով գրավել է հեռավոր անկյունը: Որոշ ժամանակ անց Ռոնալդ Կումանի թիմին հաջողվել է պատասխան գնդակը խփել: Անկյունայինի խաղարկումից հետո աչքի է ընկել կենտրոնական պաշտպան Մեթյու Պենինգթոնը:

«Էվերթոնը» չի հասցրել ինչպես հարկն է տոնել այդ գոլը, երբ «Լիվերպուլը» կրկին հաշվի մեջ առաջ է անցել: Ֆիլիպե Կոուտինյոն կիսադաշտի մոտ ստացել է գնդակը, շրջանցել երկու ֆուտբոլիստի և փայլուն հարվածով գրավել հեռավոր անկյունը:

Երկրորդ կեսում Յուրգեն Կլոպի թիմն ամրապնդել է առավելությունը: Փոխարինման մտած Դիվոկ Օրիգին միջին տարածությունից կատարած շեշտակի հարվածով հյուրերի շանսերը նվազագույնի է հասցրել:

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 59 միավոր, շրջանցել է «Մանչեսթեր Սիթիին» և հավասարվել երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմին»: «Էվերթոնը» 50 միավորով մնաց 7-րդ հորիզոնականում:

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր
«Լիվերպուլ» – «Էվերթոն»` 3:1
Գոլերը՝ Մանե (8), Կոուտինյո (31), Օրիգի (60) – Պենինգթոն (28)

Հետևեք մեզ նաև Telegram-ում