«Ման․ Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Վեսթ Բրոմվիչի» հետ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ․ հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։

Առաջին կեսում «կարմիր սատանաներն» ունեին ոչ մեծ առավելություն, սակայն մրցակցի տուգանայինում սուր գործողություններով աչքի չընկան։ Հյուրերը ևս աչքի չընկան վտանգավոր գրոհների կազմակերպմամբ։ Երկրորդ կեսում Ժոզե Մոուրինյուի սաները փոքր-ինչ ակտիվացան, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր, հանդիպման ընթացքում ունեցավ աչքի ընկնելու հնարավորություններ, սակայն արդյունավետ խաղ չցուցադրեց։ 74-րդ րոպեին Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ուեյն Ռունին։

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 53 միավոր և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը (28 խաղ), իսկ «Վեսթ Բրոմվիչը» 44 միավորով ութերորդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեսթ Բրոմվիչ»՝ 0։0

Հետևեք մեզ նաև Telegram-ում